Կորոնավիրուսի թեստ հանձնելուց 2 անգամ հրաժարված գյումրեցի կինը մահացել է

Կորոնավիրուսի թեստ հանձնելուց 2 անգամ հրաժարված գյումրեցի կինը մահացել է: Այս մասին հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը։

66-ամյա գյումրեցի կինը, որն, ըստ բժիշկների, երկու անգամ գրավոր հրաժարվել է կորոնավիրուսի թեստ հանձնել, երեկ ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է Գյումրիի բժշկական կենտրոն, որտեղ էլ մահացել է։ Իսկ մահից առաջ հանձնած՝ երրորդ թեստի պատասխանը դրական է եղել։

«Կարմի խաչ» պոլիկլինիկայի բժշկուհի Անահիտ Սանդրոսյանի խոսքով՝ պոլիկլինիկայի բժիշկներին 2 անգամ այդպես էլ չի հաջողվել համոզել մահացածի ամուսնուն, որ թույլատրի կնոջը թեստավորել.

– «Քրոնիկ հիվանդ է եղել մահացածը, սիրտը ստենտավորած է, դիմել է պոլիկլինիկա ամսի 11-ին, զննվելուց հետո կասկածվել է թոքաբորբ, թոքաբորբը հաստատվելու համար հիվանդին ուղղորդվել է ռենտգենոգրաֆիայի, և իրոք հաստատվել է` հիվանդի մոտ եղել է թոքաբորբ:

Բժշկի կողմից առաջարկվել է նմուշառում, նմուշառումից ամուսինը հրաժարվել է` պատճառաբանելով, որ չեն ուզում, ընդհանրապես չեն ուզում, տանը կմնան, բուժում կստանան: Վերցվել է հսկողության տակ, մեկուսացվել է, 3 օրերին ինքը ստացել է համապատասխան բուժում, վիճակի կտրուկ վատացման կապակցությամբ երկուշաբթի օրը տեղափոխվել է Գյումրու բժշկական կենտրոն, որտեղ և հիվանդը մահացել է:

Ախտանշանները շատ բնորոշ են եղել կորոնավիրուսային ինֆեկցիայի, բայց բժշկի կողմից մի քանի անգամ զգուշացվել է, բայց ամուսինը կտրականապես հրաժարվել է: Ընդհանրապես չեն ուզեցել թեստավորում անցնել: Իրենք մեկնաբանել են, որ եթե նույնիսկ այդ ինֆեկցիան լինի, իրենք կկարողանան բժշկի նշանակում տանը այդ ամեն ինչը կազմակերպել»:

Ամուսինը ևս թոքաբորբ է ունեցել, բուժում է ստացել ու ապաքինվել, սակայն կինը կորոնավիրուսի ռիսկային խմբում է եղել.

– «Կինն ունեցել է սրտի խնդիր, սրտի իշեմիկ հիվանդություն է ունեցել, անոթային խնդիրներ է ունեցել, չնայած բժշկի կողմից մի քանի անգամ զգուշացումներին, նույնիսկ ներկայացվել է, որ դիմացը շաբաթ-կիրակի օրեր են, բայց մենք շաբաթ-կիրակի օրերին ունենք և հերթապահություն, և նմուշառման հնարավորություն, բայց ամուսինը հրաժարվել է, չեն ուզեցել ոչ ստացիոնար բուժում ստանալ, ոչ էլ թեստավորվել»: