Կյանքից հեռացել է հայկական ֆուտբոլի լեգենդար ներկայացուցիչ Արկադի Անդրիասյանը

Կյանքից հեռացել է հայկական ֆուտբոլի լեգենդար ներկայացուցիչ Արկադի Անդրիասյանը

Դեկտեմբերի 23-ին 73 տարեկանում կյանքից հեռացել է հայկական ֆուտբոլի լեգենդար ներկայացուցիչ Արկադի Անդրիասյանը: «Դեկտեմբերի 22-ի գիշերը վատթարացել էր անվանի ֆուտբոլիստի առողջությունն ու ցավոք բժիշկները նրա կյանքը փրկել չեն կարողացել։ Այս մասին տեղեկանում ենք Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա պաշտոնական կայքից։

«Խորը վշտով տեղեկացանք, որ 73 տարեկանում կյանքից հեռացել է հայկական ֆուտբոլի՝ բոլոր ժամանակների լավագույն ներկայացուցիչներից մեկը՝ Արարատ-73-ի կիսապաշտպան, լեգենդար Արկադի Անդրիասյանը:

Անդրիասյանը ոչ միայն հայկական ֆուտբոլի ամենավառ ներկայացուցիչներից էր, այլև Խորհրդային միության՝ իր ժամանակի լավագույն կիսապաշտպաններից մեկը:

Անդրիասյանը միջազգային կարգի սպորտի վարպետ էր, ՀՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վաստակավոր գործիչ: Երևանի «Արարատի» կազմում անցկացրել է 242 հանդիպում, դարձել 62 գոլի հեղինակ, ԽՍՀՄ 1973 թ. չեմպիոն է, ԽՍՀՄ 1973 և 1975 թթ գավաթակիր, Օլիմպիական խաղերի 1972 թ. բրոնզե մեդալակիր, 4 անգամ (1971, 1973, 1974, 1975) ընդգրկվել է ԽՍՀՄ 33 լավագույն ֆուտբոլիստների շարքում։

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան իր ցավակցությունն է հայտնում Անդրիասյանի ընտանիքին և հարազատներին»: