Մամուլ

Կինը տան բակում հայտնաբերել է ամուսնու դին՝ ծառից կախված վիճակում

Կինը տան բակում հայտնաբերել է ամուսնու դին՝ ծառից կախված վիճակում

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ երեկ՝ մարտի 12-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։

Ժամը 14։25-ի սահմաններում Բյուրեղավանի շտապօգնության կայանից ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ է ստացվել, որ շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Բյուրեղավան քաղաքի տներից մեկը, որտեղ բակում հայտնաբերել են ծառից կախված տղամարդու դի։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Կոտայքի բաժնի պետ Էդմոնդ Այվազյանը, բաժնի պետի ծառայության գծով տեղակալ Արմեն Սարգսյանը և ոստիկանության Բյուրեղավանի բաժանմունքի պետ Սամվել Ռամազյանը։

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արտյոմ Սահակյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Լևոն Բադալյանի, գումարտակի ծառայության  ավագ տեսուչ Արտակ Ասատրյանի, գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի և վաշտի հրամանատար Դավիթ Հովհաննիսյանի գլխավորությամբ։

Դեպքի մասին ոստիկանության Կոտայքի բաժնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Կարեն Փթուկյանի, բաժնի պետի տեղակալ Յուրա Պապյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Կոտայքի մարզի բնակիչ 63-ամյա Ե․ Ս․-ն է, ում բակում, ծառից կախված վիճակում, հայտնաբերել է նրա կինը։ Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։

Դեպքի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ և քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։

Կիսվել էջում