Կարող եք ամեն օր սուտ լուրեր գրել, մենք էլ ամեն օր դատարան դիմելու փաթեթ կպատրաստենք․ Հայկ Սարգսյան

Կարող եք ամեն օր սուտ լուրեր գրել, մենք էլ ամեն օր դատարան դիմելու փաթեթ կպատրաստենք։ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Նախ, այս հոդվածի լուսանկարն արվել է 2017-ին, մինչև հեղափոխությունը և, բնականաբար, ոչ Բաղրամյան 26-ում: Ի դեպ, ի՞նչն է արտառոց այդ լուսանկարում միայն վարկաբեկելու մոլուցքով բռնվածը կարող է մեկնաբանել:

Հոդվածում տեղադրված է նաև տեսանյութ, որտեղ մի աղջիկ լուսանկարել է շենքի պատերը դրսից ու ներսից և որոշ մամուլ կոչվածներ որոշել են դա կապել ինձ հետ՝ իբրև Բաղրամյան 26-ը «սարքել են զվարճանքի վայր»:

Տարբեր ժամանակներում արված հազարավոր նկարներ և սելֆիներ կան այդ շենքի ֆոնին և շենքում, որոնք արել են տարբեր առիթներով շենք մտած մարդիկ, կից տեղադրել եմ համացանցից վերցված մի քանի այդպիսի օրինակ: Կրքոտ պար էիք ասել, հիշեցի՝ ինձ վարկաբեկելու կիրքը ձեզ հանգիստ չի տալիս, բայց ոչինչ, դուք կավելացնեք միայն իմ փաստաբանի ծանրաբեռնվածությունը:

Հանգիստ եղեք, կարող եք ամեն օր սուտ լուրեր գրել, մենք էլ ստիպված ամեն օր դատարան դիմելու փաթեթ կպատրաստենք: Զգուշացնեմ, որ հետո ստիպված եք լինելու դրանց հերքումները կայքի ու թերթի առաջին էջերում տեղադրել»: