Կարծում եմ, որ հետագայում հնարավոր կլինի սահմանը բացել նաև Հայաստանի և Թուրքիայի քաղաքացիների համար․ Արմեն Գրիգորյան (Տեսանյութ)

Կարծում եմ, որ հետագայում հնարավոր կլինի սահմանը բացել նաև Հայաստանի և Թուրքիայի քաղաքացիների համար․ Արմեն Գրիգորյան (Տեսանյութ)

Փաշինյան-Էրդողան հեռախոսազրույցը ևս մեկ կարևոր քայլ է Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորման գործընթացում, այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում ասել է ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։

Նա տեղեկացրել է, որ Նիկոլ Փաշինյանն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը մանրամասն քննարկել են երրորդ երկրների քաղաքացիների համար սահմանը բացելու, բեռնափոխադրումների վերաբերյալ հարցերը։

«Կարծում եմ, որ հետագայում հնարավոր կլինի սահմանը բացել նաև Հայաստանի և Թուրքիայի քաղաքացիների համար»,– ասել է նա՝ հավելելով, որ հեռախոսազրույցում քննարկել է նաև հարցը, թե ինչպես կարելի է ավելի ինտենսիվ առաջ գնալ այս հարցերում։

Անդրադառնալով ընդդիմության պնդումներին, որ գործընթացը տեղի է ունենում նախապայմանների հիման վրա, Արմեն Գրիգորյանը ասել է, որ բոլոր այդ հանդիպումների հաղորդագրություններում հատուկ նշվել է, որ որևէ նախապայման չկա։

Ինչ վերաբերում է Հայաստանի տարածքով միջանցքի ստեղծման մասին հարցին, ԱԽ քարտուղարը նշել է, որ Հայաստան բազմիցս հայտարարել է, որ միջանցքը իր համար կարմիր գիծ է, և նման հարց չի քննարկել։

«Ե՛վ Մոսկվան, և՛ Բրյուսելը վերջին մեկ տարվա, նույնիսկ վերջին 6-7 ամսվա ընթացքում հայտարարել են, որ միջանցքային տրամաբանության որևէ հարց երբեք չի քննարկվել»,– ասել է նա՝ հավելելով, թե ընդդիմության պնդումները նախապայմանների մասին մտացածին են։

Դիտարկմանը, որ ընդդիմությունը միշտ շեշտում է, որ Հայաստան–Թուրքիա հարաբերությունների կարգավորումը կապված է Ադրբեջանի հետ, Հայաստան-Ադրբեջան խնդիրների լուծման որակի հետ, Արմեն Գրիգորյանն ասել է․

«Մենք Հայաստան–Թուրքիա հարաբերությունների կարգավորումը ամբողջովին տեսնում ենք երկկողմ և մենք քննարկում ենք երկկողմ հարցեր։ Մենք հույս ունենք, որ այս հարաբերությունների կարգավորումը շարունակելու է մնալ երկկողմ օրակարգը, և Հայաստանի մոտեցումն այն է, որ Հայաստան–Թուրքիա հարաբերությունները առանձին գործընթաց են»։

Դիտարկմանը, թե փորձագիտական շրջանակներում առաջ է քաշվում թեզը, որ երրորդ երկրների քաղաքացիների համար հայ–թուրքական բացելու հնարավորությունը ադրբեջանցիների համար է, երրորդ երկրների քաղաքացիներ ասելով, նկատ ունեն ադրբեջանցիներին, Արմեն Գրիգորյանը ասել է, որ նման բան չկա, դա գուշակությունների ժանրից է։

Հարցին, թե երբ ԱԽ քարտուղարը խոսում է Հայաստանի և Թուրքիայի քաղաքացիների համար սահմանը բացելու մասին, արդյոք սա ինչ–որ պայմանավորվածություն է, թե ոչ, Արմեն Գրիգորյանը պատասխանել է, որ հարաբերությունների կարգավորումը ենթադրում է երկու երկրների քաղաքացիների համար նաև սահմանի բացում։

«Եվ մենք շարունակում ենք հույս ունենալ, և այս հարցը մեր գործընկերների հետ քննարկել, որպեսզի հարաբերությունների կարգավորման կոնտեքստում կարողանանք սահմանը բացել նաև Հայաստանի և Թուրքիայի քաղաքացիների համար»։

Ընդդիմությունն ասում է, որ եթե Թուրքիայի հետ սահմանը բացվի նաև բեռնափոխադրումների համար, ապա Հայաստանում կարող է տեղի ունենալ այն, ինչ տեղի է ունենում Աջարիայում, այսինքն՝ թուրքական բիզնեսը կգրավի հայկական շուկան, արդյոք Հայաստանը պատրաստ է դրան։

Այս հարցին ի պատասխան, Արմեն Գրիգորյանն ասել է, որ հայ–թուրքական հարաբերությունների կարգավորումը Հայաստանի տնտեսության վրա դրական ազդեցություն է ունենալու։

«Եթե լինեն մարտահրավերներ, Հայաստանում տնտեսական քաղաքականություն է վարում Կառավարությունը։ Եթե ինչ–որ մարտահրավեր լինի, ապա դրանք կքննարկվեն և պատշաճ լուծումներ կստեանան։

Հարցին, թե ինչու են Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչները հանդիպում երրորդ երկրներում, այլ ոչ թե Հայաստանում կամ Թուրքիայում, ԱԽ քարտուղարը հույս է հայտնել, որ Փաշինյան–Էրդողան հեռախոսազրույցից հետո այդ հանդիպումները հնարավոր կլինի անցկացնել և՛ Հայաստանում, և՛ Թուրքիայում։

Արմեն Գրիգորյանը նաև նշել է, որ Հայաստան–Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի մասին Հայաստանը տեղյակ է պահում իր բոլոր գործընկերներին։ «Քանի որ Ռուսաստանի Դաշնությունը հենց սկզբից ներգրավված է եղել, նրանք ամբողջ գործընթացից տեղյակ են  և իրենց մասնակցությունն են բերում այս հարաբերությունների կարգավորմանը»,– ասել է նա։

Տեսանյութը ստորև