Կարեն Կարապետյանը հայտարարություն է տարածել

Կարեն Կարապետյանը հայտարարություն է տարածել

Կարեն Կարապետյանը իր աջակցությունն է հայտնում Ռոբերտ Քոչարյանին

«2021թ. հունիսի 20-ին նախատեսված խորհրդարանական ընտրությունները չափազանց կարեւոր են Հայաստանի ապագայի համար: Պատերազմի հետեւանքով մեր երկիրը հայտնվել է խորը ճգնաժամի մեջ, որի ընթացքը կասեցնելն այսօր հրատապ է։

Պետք է փաստել, որ`բանակի մարտունակությունն էապես նվազել է, խարխլված է Հայաստանի ու Արցախի անվտանգության ողջ համակարգը, ավելացել են լրջագույն սոցիալական խնդիրներ, որոնք պահանջում են բոլոր հնարավոր ռեսուրսների մոբիլիզացիա, հասարակությունում առկա ներքին պառակտվածությունը, գրգռվածությունը, ապատիան ու պասիվությունը քայքայիչ ազդեցություն ունեն հասարակության ու պետության զարգացման վրա, առկա է պետության դերի աղավաղում, քաղաքական դիսկուրսը իջեցված է կենցաղային մակարդակի, պետական համակարգը գործում է իմպուլսիվ եւ ոչ համակարգային,ունենք սփյուռքի հետ հարաբերությունների, արժեքային համակարգի եւ ազգային գաղափարախոսության ճգնաժամ,բազմաթիվ այլ խնդիրներ:

Պահն օրհասական է, մարտահրավերները` բազմաշերտ ու վտանգավոր, իսկ լուծումները` սահմանափակ ու բարձր պրոֆեսիոնալիզմ պահանջող:

Պետք է`արագորեն վերականգնել մեր անվտանգության համակարգը, մեր երկրում ու տներում հաստատել հանդուրժողականություն եւ հանգստություն,արտաքին քաղաքական հարաբերություններում ունենալ կանխատեսելի եւ վստահելի գործընկերոջ համբավ, իրականացնել արդյունավետ հակաճգնաժամային քայլեր` բարեկեցիկ կյանքի նախադրյալներ ստեղծելու համար, վերագործարկել պետական արդյունավետ կառավարման համակարգը,վերանայել սփյուռքի հետ հարաբերությունները` լոկ օգնողից այն վերածելով լիարժեք գործընկերոջ ու հայկական շահի լոբբիստական կենտրոնի:

Մեր այսօրվա իրականությունն ականապատված դաշտ է, որով երկիրը պետք է անցնի։ Շրջանցելու հնարավորություն գոյություն չունի։ Անհրաժեշտ է այդ ճանապարհը անցնել հնարավորինս արդյունավետ ու նվազագույն կորուստներով:

Անհրաժեշտ է գիտակցել յուրաքանչյուր սխալի գինը եւ արկածախնդրության գնալու անթույլատրելիությունը։

Դա կարող է ապահովել Ռոբերտ Քոչարյանը։ Պետական պաշտոններ զբաղեցնելու ընթացքում, ինչպես նաեւ մրցակցային ու բազմամշակույթ գործարար միջավայրում կուտակած փորձի եւ ղեկավարին անհրաժեշտ անհատական ու կառավարչական հատկանիշների համադրությունը նրան թույլ են տալիս պրոֆեսիոնալ թիմ ձեւավորելով երկիրը հանել ճգնաժամից եւ տանել դեպի բարեկեցիկ ապագա։

Նա կստեղծի միջավայր, որտեղ առավելագույնս կիրացվի մեր հասարակությունում առկա պոտենցիալը եւ կունենանք ազգային, ժամանակակից, ռացիոնալ եւ արդյունավետ պետություն։

Առաջարկում եմ անպայման գնալ քվեարկության, մեկ անգամ եւս սթափ մտածել` ինչ իրավիճակում ենք գտնվում, ինչպիսի մարտահրավերներ ունենք եւ որն է այն թիմը, որը կարող է դիմակայել դրանց` երկիրը տանելով զարգացման։Խաղաղություն ու տրամաբանություն մեր երկրին, բոլորիդ լավ տրամադրություն` որքանով այն հնարավոր է այսօրվա իրավիճակում»: