«Կարենը և Վազգենը նիստից դուրս եկան հուզված և փոխված»․ Սյունիքի հարցն էին քննարկում

«Կարենը և Վազգենը նիստից դուրս եկան հուզված և փոխված»․ Սյունիքի հարցն էին քննարկում

«Հանրապետություն» կուսակցության, Երևանի ավագանու անդամ՝ Անի Խաչատրյանը իր ֆեյսբուքյան էջում կիսվել է «Բարի Գալուստ Սյունիք» ֆեյսբուքյան էջի գրառմամբ և կից գրել՝

«5 կողմ քվեարկողները եղել են նրանք՝ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյան, ՀՀ արտ. գործ. նախարար Վարդան Օսկանյան, ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյան, ՆԳ և ԱԱ նախարար Սերժ Սարգսյան, խորհրդի քարտուղար Ալեքսան Հարությունյան, ձեռնպահ ՊՆ Վաղարշակ Հարությունյան»։

Գրառումը ներկայացնում ենք ստորև՝

«Ռիմա Դեմիրճյանի օրագրից՝ առանց մեկնաբանությունների…

Ճիշտ օրը չեմ հիշում, սակայն դա հոկտեմբերն էր, Գերմանիայից վերադառնալուց հետո: Կարենը կանչեց ինձ ու Ստեփանին, Սամվելը Մոսկվայում էր, եւ ասաց, որ տեղի է ունեցել Ազգային անվտանգության խորհրդի նիստ, որտեղ քննարկվել է առաջարկություն` Ադրբեջանի սահմանից մինչեւ Նախիջեւան, Մեղրիի տարածքով ճանապարհ կառուցելու մասին:

Ես զարմացած էի, որ Կարենը տանը խոսում է Անվտանգության խորհրդի նիստի` պետական կարեւորագույն հարցերի մասին: Անվտանգության խորհրդի հաջորդ նիստի ժամանակ, որը տեղի ունեցավ Մոսկվայից Կարենի վերադառնալուց հետո, հոկտեմբերի 23-ին, շաբաթ օրը, Անվտանգության խորհրդի ութ անդամներից հինգը համաձայնել էին պլանի հետ, Կարեն Դեմիրճյանը եւ Վազգեն Սարգսյանը դեմ էին, մեկը` ձեռնպահ:

Ըստ մեր վարորդի պատմածի` Կարենը և Վազգենը նիստից դուրս եկան հուզված և փոխված: Վազգենը` քաթանի նման գունատ, մոտեցավ իր մեքենային, նստեց եւ քշեց կատաղի արագությամբ:

Կարենը, ընդհակառակը, կարմրատակած, ըստ երեւույթին՝ բարձր ճնշման հետեւանքով, նստեց մեքենան եւ վարորդին ասաց քշել Աշտարակ: Նա, երբ առանձնապես վատ էր լինում, հնարավորության դեպքում գնում էր դեպի բնություն, որպեսզի հանգստանա, հավասարակշռությունը վերականգնի:

Անվտանգության խորհրդի առաջին նիստից անմիջապես հետո Կարենի տրամադրությունը կտրուկ փոխվեց: Տանը նա կարծես ուրիշ էր. պարփակվեց իր մեջ, դարձավ լռակյաց, կատակներ չէր անում, շատ անհանգիստ էր քնում, նույնիսկ սիրելի թոռնիկների հետ համարյա չէր շփվում:

Այդպիսի վիճակում էլ մեկնեց Մոսկվա: Այն, ինչը նա խնամքով ինձնից թաքցնում էր, Մոսկվայում ասել է եղբորը.

— Կամո, իմացիր, ինձ սպանելու են: Այդ նույնը նա ասել է իրեն ուղեկցող Հրաչիկ Կարապետյանին: Նրա համառ խորհուրդներին` թիկնապահներ վերցնել իր հետ, Կարենը պատասխանել է.

-Եթե որոշեն սպանել, ապա ոչ մի թիկնազոր չի օգնի: Եվ հետո, ինձ, միեւնույնն է, սպանելու են»: