Կասկածներ կան, որ ՀՀ-ում օրգանների փոխպատվաստման դաշտում առկա են կոռուպցիոն սխեմաներ․ Մարինա Խաչատրյան

Կասկածներ կան, որ ՀՀ-ում օրգանների փոխպատվաստման դաշտում առկա են կոռուպցիոն սխեմաներ: Երևանի ավագանու նախկին անդամ, նյարդավիրաբույժ Մարինա Խաչատրյանիը այսօր լրագրողների հետ զրույցում հիշեցրեց հունվարի 10-ին դեռևս փոխվարչապետ Արարատ Միրզոյանի կողմից արված հայտարարությունը, որ ՀՀ-ում կա երեխաների օրգանների վաճառք և դրանով զբաղվող մաֆիա։

Նա նաև նկատեց, որ Միրզոյանի հայտարարությունից 7 օր հետո ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանի կողմից թեզ հնչեցվեց, որ ՀՀ մանկատներից երեխաններ են որդեգրում՝ նրանց օրգանները փոխպատվաստման նպատակով օգտագործելու։

«Մենք ունենք «Օրգանների կամ հյուսվածքների փոխպատվաստման» մասին օրենք՝ ընդունված 2002-ին, բայց 2019 թ․ այս ոլորտի հանդեպ ուշադրությունն ավելի ակտիվացել է։ Օրենքում ասվում է, որ մահից հետո մարդու օրգաններն ու նրան հյուսվածքները կարող են օգտագործվել որպես դոնորական միայն այն պարագայում, եթե կենդանության օրոք դրա համար համաձայնություն է տվել։

2009-ին օրենքի այս դրույթը փոխվեց, ըստ որի, եթե մարդը չի հրաժարվել, ապա նրա մահվանից հետո կարող են նրա օրգաններն օգտագործվել, սակայն 2010 թ․-ին Սահմանադրական դատարանն այս կետը ճանաչեց հակասահմանադրական: 2002 թ․-ից,  Արաբկիր բժշկական կենտրոնում մինչ օրս կատարվել է 150 փոխպատվաստում, որից 25-ը դիակային դոնորից է»,- մանրամասնեց Խաչատրյանը։

«Մինչ օրս չկա կոնկրետ ձև, որ մարդն իր կենդանության օրոք գնա, իր համաձայնությունը գրի, բայց չհրաժարվելը դեռ չի  նշանակում համաձայնություն տալ։

Նշեմ նաև, որ Արաբկիր բժշկական կենտրոնի կայքում նշված է, որ պլանավորված է օգտագործել նաև այն հիվանդների օրգանները, որոնց մոտ գրանցվել է ուղեղի մահ, որոնց այլևս հնարավոր չէ փրկել»,- ընդգծեց Մարինա Խաչատրյանը։