Կառավարությունը 7 մլն դոլարով վաճառեց Ծաղկաձորի սպորտային համալիրը

Կառավարությունը 7 մլն դոլարով վաճառեց Ծաղկաձորի սպորտային համալիրը

Կառավարության սեպտեմբերի 22-ի որոշմամբ՝ «Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիր» ՓԲԸ-ն իրեն պատկանող անշարժ գույքն անհատույց օտարեց ՀՀ Պետական գույքի կառավարման կոմիտեին։

Օտարումից հետո այն կվաճառվի «Ծաղկաձորի սպորտային համալիր» ՍՊԸ-ին։

Գույքը 2022 թվականի մայիսի 25-ի դրությամբ գնահատվել է` 3 057 894 000 դրամ կամ 7 մլն դոլար, որից 2 301 462 679-ը հողի կադաստրային արժեքն է։

Նշենք, որ գործարքի դիմաց նոր սեփականատերը՝ «Ծաղկաձորի սպորտային համալիր» ՍՊԸ-ն, պարտավորվում է 2 տարում 400 մլն դրամի ներդրում կատարել։

Չկատարելու կամ կիսով չափ կատարելու դեպքում գնորդը 3 ամսվա ընթացքում կպարտավորվի կատարել խոստացած ներդրումները` միաժամանակ պետական բյուջե վճարելով չկատարված ներդրումների գումարի 20 տոկոսի չափով տուգանք։

Ըստ Կառավարության ընդունած որոշման՝ մարզահամալիրի հանրային նշանակությունը չի կարող փոփոխվել, գնորդը պարտավորվում է պահպանել ընկերության գործունեության հիմնական ուղղությունը։

Նշենք՝ Կառավարության այսօրվա որոշմամբ՝ այս մարզահամալիրի գույքի տնօրինման հետ կապված հարցերը կարգավորվել են 2006 թվականի պայմանագրով, որը ստորագրվել է ԱՄՆ-ում գրանցված «Նյու հորիզոն գրուպ ԻՆԿ» ընկերության հետ 5 տարի ժամկետով։

Հիմա այդ կնքված պայմանագիրը ժամկետից շուտ կլուծարվի, ինչի արդյունքում ամերիկյան այս ընկերության կողմից վարձակալության հիմքով շահագործվող «Ծաղկաձորի սպորտային համալիրը» կշարունակի գործել, բայց արդեն սեփականատեր հանդիսացող «Ծաղկաձորի սպորտային համալիր» ՍՊԸ-ի կողմից։