Ծննդյանդ 100-ամյակը կնշենք միասին. Սարգսյանը հյուրընկալվել է պատերազմի 99-ամյա վետերանին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հյուրընկալվել է Հայրենական պատերազմի վետերան Միկիտ Ամիրյանի տանը: Նախագահը պատերազմի վետերանին է այցելել շնորհավորելու ոչ միայն Հաղթանակի ու խաղաղության տոնի, այլև նրա ծննդյան օրվա առթիվ:

Միկիտ պապիկն այսօր դարձել է 99 տարեկան, և նրա համար իր հարազատների շնորհավորանքների կողքին առանձնահատուկ են եղել Հանրապետության նախագահի այցն ու բարեմաղթանքները:

Նախագահ Սարգսյանն ու պատերազմի ամբողջ ճանապարհն անցած վետերանը ընտանեկան մթնոլորտում զրուցել են երեկվա, այսօրվա ու վաղվա մասին՝ պատերազմի բովից հասնելով այսօրվա Հայաստանին ու հայ ժողովրդին:

Հանրապետության նախագահն անմիջական զրույցի ընթացքում հետաքրքրվել է Միկիտ Ամիրյանի առողջական վիճակով, հարց ու փորձ արել ընտանիքից ու անցած ուղուց: 99-ամյա վետերանն իր մարտական ուղին սկսել է Կովկասից, մարտնչել Ուկրաինայում, Լեհաստանում, մասնակցել Պրահայի, Բեռլինի ազատագրմանը:

Ջերմ շնորհավորանքներից բացի նախագահ Սարգսյանը նաև իր երախտագիտությունն է հայտնել 99-ամյա վետերանին և ի դեմս նրա՝ բոլոր վետերաններին՝ կերտած հաղթանակի, իրենց վաստակի ու հայրենիքին նվիրվածության համար:

Եվս մեկ անգամ շնորհավորելով և շնորհակալություն հայտնելով հյուրընկալության համար՝ նախագահ Սարգսյանը համոզմունք է հայտնել և խոստացել, որ հաջորդ տարի միասին նշելու են Միկիտ Ամիրյանի ծննդյան մեկդարյա հոբելյանը: