Ծառուկյանի «Մուլտի գազ»-ում խախտում է հայտնաբերվել. ընկերությունը կենթարկվի վարչական տուգանքի

Ապրիլի 11-ին Շուկայի վերահսկողական տեսչական մարմինը ստուգումներ է իրականացնում 6 ԱԳԼՃԿ-ներում: Նշել էինք նաեւ, որ այդ 6 ԱԳԼՃԿ-ներից մեկը ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի գազ» գազալցակայաններից է, որը գտնվում է Նոր Նորք վարչական շրջանում: Շուկայի վերահսկողական տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Արթուր Մկրտչյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց, որ դիմում բողոքների հիման վրա իրականացված ստուգումներով խախտում է հայտնաբերել :

«Խնդիրը եղել է խտության գործակցի հետ կապված, որը վերջին 15 օրում «Գազպրում»-ում բարձրացել է 0.7-ից դառնալով 0.8: Այդ գազալցակայանները խտության գործակիցը թողել էին նույն 0.7-ի սահմանում: Մեր ստուգումների ժամանակ եւ կառավարության նիստից հետո, երբ արդեն պարոն վարչապետը հորդորեց օրենքի դաշտ գալ, պարզեցինք, որ հիմնականում խախտումները նվազել են:

Դժգոհությունները շատ են նվազել: ԱԺ-ն էլ ընդունեց կիլոգրամով գազի վաճառքն իրականացնելու հետ կապված օրենքի նախագիծը, նախագահը վավերացրել է, մայիսի 1-ից ուժի մեջ կմտնի եւ խնդիրը 99 տոկոսով կլուծվի: Արդեն սպառողները ինչքան գազ լցնեն, այդքան էլ կվճարեն»,- ասաց Մկրտչյանը:

Մկրտչյանը նշեց, որ եւ «Մուլտի գազ» գազալցակայանում եւ «Լիլ սթար» ընկերությանը պատկանող Նորագավիթի գազալցակայանում խախտում է հայտնաբերվել: Նա ասաց, որ ընկերությունները ենթարկվելու են վարչական տուգանքի: Մկրտչյանի խոսքով՝ տուգանքի չափը մոտավորապես լինելու է 50-ից 100 հազար դրամ:

Մեր հարցին, թե արդյո՞ք այդ տուգանքի չափը խախտում թույլ տված ԱԳԼՃԿ-ներին կզսպի, Մկրտչյանը պատասխանեց. «Տուգանքը զսպաշապիկ չէ: Մենք նաեւ առաջարկել ենք տուգանքների մասով փոփոխություն: Նախատեսում ենք վարչական օրենսգրքով փոփոխություն կատարել՝ տուգանքները մի քանի անգամ մեծացնելով մինչեւ միլիոնի կարգի: Որովհետեւ սա 1985 թվականից ընդունված օրենսգիրք է, 50-ից 100 հազար դրամը ԱԳԼՃԿ-ների համար ոչ մի բան է»:

Նշենք, որ 6 ԱԳԼՃԿ-ներից 4-ը տարեկան ստուգումների ծրագրով էին նախատեսված, իսկ 2-ը քաղաքացիների բողոքի հիման վրա են իրականացվել: Այդ դիմում բողոքները վերաբերում էին «Մուլտի գազ»-ին եւ «Լիլ սթար»-ին:

Հիշեցնենք, որ ապրիլի 4-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մինչ կառավարության նիստի օրակարգին անցնելը անդրադարձել էր սոցցանցերում տարածված այն տեղեկատվությանը, թե ավտոգազալցակայաններում գազի թանկացում է տեղի ունեցել: Վարչապետը Շուկայի վերահսկողական տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանին եւ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանին ասաց, որ իրեն մեկ երկու օրվա ընթացքում զեկուցեն կոնկրետ պատճառների եւ արձանագրած արդյունքների մասին:

Վարչապետը նաեւ նշել էր, որ մանիպուլյատիվ տեղեկություններ էին տարածում, թե իբր կառավարության որեւէ գործողության արդյունքում գազի գինը փոխվել է եւ այդ է պատճառը, որ այդ ամեն ինչը տեղի է ունեցել. «Նախ ուզում եմ արձանագրենք, որ որեւէ նման գործողություն տեղի չի ունեցել, 2-րդը նույնիսկ մանիպուլյատիվ տեղեկատվություն կար, թե իբր կառավարությունը այն օրենքի նախագիծը, որ ընդունել է, այդ օրենքի հետ է կապված:

Ես ուզում եմ ասել, նախ այդ օրենքը Ազգային ժողովում ընդհանրապես դեռ չի քննարկվել, այսինքն առաջին ընթերցմամբ նույնիսկ ընդունված չէ, երկրորդն էլ մեր փորձագիտական գնահատականներով՝ այդ օրենքը չի կարող գազի գնի փոփոխման պատճառ դառնալ»,- ասել էր վարչապետը, ապա հավելել, որ եթե որոշ նախկին օլիգարխներ մտածում են, թե իրենք այս իրավիճակում կարողանալու են մանիպուլյացիաների դաշտ մտնել՝ իրենք սխալվում են:

Աղբյուր՝ armtimes.com