Շոու-բիզնեսՏեսանյութ

«Ծանր վիճակում էի, վերջին ուժերս եմ հավաքել». Լիլու

Tert.am Life-ը գրում է․ Երգչուհի Լիլուն ներկայացրել է նոր երգ և տեսահոլովակ՝ «Իմ տղա»: Երգը մայր և որդի փոխհարաբերությունների մասին է: Խոսքերի և երաժշտության հեղինակը Գրիգոր Կոկչյանն է:

«Երգի մտահղացումն իմն է եղել: Քանի որ այստեղ մեր հայ համայնքը շատ է սիրում նմանատիպ երգեր, հատկապես հարսանիքների ժամանակ, ես էլ՝ ժամանակ առ ժամանակ երգում եմ հարսանիքներին, նման միտք առաջացավ:

Եվ, քանի որ կան երգեր հայր և դուստր, քույր- եղբայր հարաբերությունների մասին, բայց մոր ու որդու մասին չկար, մտածեցի, երգ ունենալ, որը կնկարագրի մոր և որդու կապը»,- Tert.am Life-ի հետ զրույցում պատմեց երգչուհին:

Նա նշեց, որ երգի գաղափարը վաղուց է ունեցել:

«Ես ինքս տղա երեխա ունեմ, ինձ համար էլ շատ հոգեհարազատ է այս երգը, Գրիգոր Կոկչյանը շատ սիրուն երգ գրեց, ճիշտ ներկայացրեց մայր և որդի կապը: Մեզ շատ հարազատ մարդու հարսանիքի ժամանակ էլ կյանքի կոչեցինք:

Շատ գեղեցիկ ու համահունչ կազմակերպվեց հարսանեկան արարողությունը: Ես առանձին մի քանի տեսարան նկարահանվեցի և հարսանիքի կադրերն օգտագործելով ստացանք տեսահոլովակը»:

Լիլու նաև պատմեց, որ շատ դժվար էր այս տեսահոլովակի ընթացքը, քանի որ մի քանի օր էր մնացել բալիկի լույս աշխարհ գալուն:

«Ամիս 7-ին հարսանիքն էր, ամսի 11-ին աղջիկս ծնվեց: Ծանր վիճակում էի, վերջին ուժերս եմ հավաքել այդ օրը, որ մասնակցեմ հարսանիքին և որ երգը ներկայացնենք:

Երբ բալիկս ծնվեց արդեն աշխատում էին տեսահոլովակի վրա, արդյունքում ստացանք գեղեցիկ տեսահոլովակ»:

Երգչուհին նշեց, որ 3 երեխայի մայր լինելը բարդ է, հոգատարություն և ուշադրություն է պահանջում, բայց ունի օգնողներ:

Կիսվել էջում