Խորապես վստահ եմ, որ Գյումրիում կնոջ ասածները վարչապետի վարկանիշի վրա որևէ ազդեցություն չեն ունենալու

ԱԺ աշխատակազմի լրատվության և հանրության հետ կապերի վարչության ղեկավար Կնյազ Սարոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Խորապես վստահ եմ, որ վարչապետին Գյումրիում մոտեցած կնոջ ասածները վարչապետի վարկանիշի վրա որևէ ազդեցություն չեն ունենալու։

Կատարվածը սովորական էպիզոդ է ամենայն մեծ հավանականությամբ, որ տեղի կունենա ցանկացած ղեկավարի հետ, ով ժողովրդի մեջ է դուրս գալիս։ Ու կատարվածն իրոք էպիզոդ կմնար, եթե մի խումբ մարդիկ առավոտից չլծվեին այդ կնոջը որպես «դիվերսանտ» ներկայացնելուն, մնացյալ թեզերը չեմ էլ մեջբերում։

Գրեթե վստահ եմ, որ վարչապետն այդ «պաշտպանության» կարիքը չուներ ու չէր էլ հրահանգի իրեն «պաշտպանել» այդ հարցում թեկուզ զուտ նրա համար, որ դա իր հանրային իմիջի տեսանկյունից ավելի խոցելի կդարձներ իրեն՝ որպես ղեկավարի, ով պետք է լսի իր բոլոր քաղաքացիներին։

Ցանկացած ղեկավար տեղեկատվական աջակցության ու սպասարկման կարիք ունի՝ անգամ ամենասիրվածներն ու ժողովրդականները։ Բայց ցանկացած տեղեկատվական կամպանիա դատապարտված է ձախողման, եթե այն հասցվում է մանրախնդրության ու պրիմիտիվության։ Մի արեք, ընկերներ, ոչ գրագետ է, ոչ էլ վայել է։