Խոշոր հրդեհ սուրճի գործարանում

Խոշոր հրդեհ սուրճի գործարանում

Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ հոկտեմբերի 16-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15:05-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 ճգմաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևանի փողոցի թիվ 86/1 հասցեում գտնվող սուրճի գործարանի տարածքից ծուխ է նկատվում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Երևանի թիվ 2, թիվ 3, թիվ 4 հրշեջ փրկարարական ջոկատներից 1-ական մարտական հաշվարկ։ Ժամանել է նաև ավտոսանդուղք։

Մինչ հրշեջների ժամանումը, հրդեհի վայր են ժամանել ՀՀ Ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 2-րդ սպայական գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի գլխավորությամբ։

Պարեկները սահմանազատել են տարածքը, որպեսզի հրշեջները կարողանան աշխատանքներ կատարել։ Տեղում հայտարարվել է հրդեհի բարդության ԲԻՍ-1։

Այս պահին հրդեհի տարածումը հրշեջների կողմից կանխվել է և շարունակվում են որոնողական աշխատանքները կրակի օջախներ հայտնաբերելու համար։ Ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։ Պարզվոմ է նաև, թե ինչ հանգամանքներում է հրդեհը բռնկվել։

Դեպքի վայր է ժամանել շտապօգնության բժիշկների հերթապահ խումբ, որ եթե մարդիկ տուժեն, տեղում բուժօգնություն ցուցաբերեն, իսկ անհրաժեշտության դեպքում էլ տեղափոխեն հիվանդանոց։