Խոշոր հրդեհ Երևանում. տուժածներից մեկը 3 տարեկան է

Խոշոր հրդեհ Երևանում. տուժածներից մեկը 3 տարեկան է

Երևանի Խորենացու փողոցի շենքերից մեկում երեկ հրդեհ է բռնկվել, երկու մարդ է տուժել, որոնցից մեկը` մանկահասակ երեխա։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։

Ըստ հաղորդագրության` Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը ժամը 23։10-ին հաղորդում է ստացել, որ Խորենացու փողոցի թիվ 47 շենքի 5-րդ հարկի բնակարաններից մեկից ծուխ է նկատվում։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը, հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ և ավտոսանդուղք։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 6-րդ հարկի բնակարաններից մեկում (մոտ 70 քմ)։ Հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչ․ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից ևս մեկ մարտական հաշվարկ։

Դեպքի վայր օգնության են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից ևս երկու մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։ Հրդեհը մեկուսացվել է հունվարի 8-ին` ժամը 00։38-ին, մարվել՝ 00։53-ին։

Այրվել է բնակարանը գույքով, ինչպես նաև 7-րդ հարկի բնակարաններից մեկի պատուհանների շրջանակները (մոտ 18 քմ)։Փրկարարները շենքից տարահանել են 28 քաղաքացու. բնակիչներից Ռ. Ս.-ն (ծնված 1946 թ․) հոսպիտալացվել է Այրվածքաբանության ազգային կենտրոն ՓԲԸ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են ծայրահեղ ծանր, իսկ Մ. Տ.-ն (ծնված 2019 թ․)՝ «Մուրացան» հիվանդանոցային համալիր, որտեղ տուժածի առողջական վիճակը գնահատվել է բավարար։