Խոշոր հրդեհ Երևանում. հայտարարվել է հրդեհի բարդության «ԲԻՍ 1» կանչ

Խոշոր հրդեհ Երևանում. հայտարարվել է հրդեհի բարդության «ԲԻՍ 1» կանչ

Shamshyan.com-ը գրում է․ Երեկ՝ հունիսի 2-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:35-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության  911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Աջափնյակ վարչական շրջանի Պարսեղովի փողոցի թիվ 41 տան տանիքում:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ԱԻՆ ՓԾ թիվ 7, թիվ 1, թիվ 13,  թիվ 4 և թիվ 5 հրշեջ-փրկարարական ջոկատներից մեկակական մարտական հաշվարկ: Տեղում հայտարարվել է հրդեհի բարդության «ԲԻՍ 1» կանչ:

Մինչ հրշեջների ժամանումը, քաղաքացիները իրենց ուժերով պայքարել են կրակի տարածման դեմ, այնուհետև ժամանած հրշեջները նույն քաղաքացիների հետ նախ կանխել են կրակի տարածումը, ապա մարել այն:

Հրշեջ-փրկարարների աշխատանքները տեղում ղեկավարել են Երևանի փրկարարական վարչության պետն ու վարչության պետի տեղակալը:

Պարզվել է՝ այրվել է նշված հասցեում Գ. Ալոյանին պատկանող տան 120ք․մ տանիքից 90 ք․մ, 30ք․մ հաջողվել է փրկել, տան բնակելի հատվածը չի տուժել, նույն հասցեի մյուս տան, որը պատկանում է քաղաքացի Մ․Փանոսյանին, 90ք․մ տանիքից այրվել է 60ք․մ, ջերմահարվել է 30 ք․մ, տան գույքից այրվել է՝ մեկ բազմոց, մեկ սառնարան, մեկ գրասեղան, մեկ հյուրասենյակի պահարան, երկու մահճակալ, մեկ զգեստապահարան։

Դեպքի վայր է ժամանել նաև ոստիկանության Մաշտոցի բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատուի գլխավորությամբ: Օպերատիվորեն ժամանել են նաև «Գազպրոմ Արմենիա» Երևանի ԳԳՄ-ի և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ներկայացուցիչները:

Ըստ դեպքի վայրում հավաքվածների՝ հրդեհի պատճառը եղել է էլեկտրական լարերի կարճ միացումը և բարեբախտաբար, տուժածներ չկան: