Խոշոր հրդեհ Արցախում. այրվել է 4 բնակելի տուն (ֆոտո)

Խոշոր հրդեհ Արցախում. այրվել է 4 բնակելի տուն (ֆոտո)

Հուլիսի 18-ին՝ ժամը 18:10-ին Ասկերանի արտակարգ իրավիճակների շրջանային բաժնի ահազանգման կենտրոնում հաղորդում է ստացվել Ասկերանի շրջանի Դահրավ գյուղում բռնկված հրդեհի մասին:Ըստ նախնական տվյալների՝ այրվում է բնակելի տուն․ տեղեկացնում են ԱԻՊԾ-ից։

«Բնակչությանն օգնություն ցուցաբերելու և հրդեհաշիջման աշխատանքներ կատարելու նպատակով անմիջապես կանչի վայր է մեկնել Աստղաշենի հրշեջ հենակետի մեքենան՝ մեկ մարտական հաշվարկով:

Գնահատելով իրավիճակի լրջությունը Ասկերանի ՀՓՄ-ից ևս մեկ մարտական հաշվարկ մեկնել է օգնության: Ուղեկցվող թեթև քամու միջոցով հրդեհն արագ տարածվել է հարևանությամբ գտնվող փայտե կոնստրուկցիաներով կառուցված հին շինություններում և բնակելի տներում:

Ասկերանի հրշեջ փրկարարներին միացել են ԱԻ ծառայության փրկարար ուժերի վարչության հրշեջ փրկարարական ևս 2 մարտական հաշվարկ, այնուհետև Բերքաձորի հենակետի փրկարարները:

Դեպքի վայր է ժամանել և անձնակազմին տեղում ցուցումներ ու հրահանգներ տվել ԱԻ պետական ծառայության տնօրեն գնդապետ Մեխակ Արզումանյանը՝ տեղակալ Սամվել Հայրումյանի ուղեկցությամբ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 22:10-ին, լիամարվել` 23։50-ին։

Ըստ նախնական տեղեկության՝ ամբողջությամբ այրվել է իրար մոտ գտնվող 4 տուն, պատճառելով նյութական մեծ մնասներ (վնասների չափը ճշտվում է)։

Բարեբախտաբար մարդկային տուժածներ չկան: Հրդեհի վերաբերյալ ստուգումներ է իրականացնում ծառայության պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությունը»,- ասված է հաղորդագրությունում։