Խոշոր ավտովթար Տավուշի մարզում. Դիլիջանի թունելում ճակատ-ճակատի բախվել են BMW-ն ու Opel Astra-ն. կան վիրավորներ

Խոշոր ավտովթար Տավուշի մարզում. Դիլիջանի թունելում ճակատ-ճակատի բախվել են BMW-ն ու Opel Astra-ն. կան վիրավորներ

Shamshyan.com-գրում է․ Այսօր՝ օգոստոսի 28-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում:

Ժամը 17:40-ի սահմաններում, Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի՝ Դիլիջանի թունելի մեջ, ճակատ-ճակատի բախվել են բախվել են BMW և Opel Astra մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Դիլիջան» բժշկական կենտրոն:

Օպերատիվորեն ժամանել է Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Սևանի թիվ 32 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:   Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոնների փականները:

Օպերատիվորեն ժամանել են Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Վաչագան Ոսկանյանի, ավագ տեսուչ Գեղամ Գրիգորյանի գլխավորությամբ:

Դեպքի վայր է ժամանել նաև ոստիկանության Սևանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Սուրիկ Ջանիկյանի գլխավորությամբ։  Երթևեկությունը ծանրաբեռնված է, սակայն Ճանապարհային ոստիկանները և ոստիկանության Սևանի բաժնի համայնքային բաժանմունքի ավագ տեսուչներ Վահե Վարդքանյանն ու Նորայր Սաղաթելյանը տեղում ուժեղացված ծառայություն են կատարում, որպեսզի խցանում տեղի չունենա:

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Հենրի Կոստանյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Թորգոմ Չանդոյանի և հատկապես գործերով ավագ քննիչ Անդրանիկ Շահբազյանի գլխավորությամբ, ում կողմից նախաձեռնվել է վարույթ:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Սևանի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Ըստ նախնական տեղեկությունների, վթարի մեղավորը եղել է Opel-ի վարորդը, ով դեպի Դիլիջան ընթանալիս, դուրս է եկել հանդիպակած երթևեկելի գոտի և բախվել դեպի Սևան ընթացող BMW-ին:

Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ օպերատիվ են ժամանել Դիլիջանի հիվանդանոցի բժիշկները, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել:

Վիրավորներին հիվանդանոց են ուղեկցել վաշտի հրամանատար Է. Սուսլիյանն ու ոստիկանության Սևանի բաժնի պետ Ս. Ջանիկյանը: