Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում․ «Չայնիի» ոլորաններում Opel-ը մխրճվել է երկաթե արգելապատնեշների մեջ․ կան վիրավորներ

Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում․ «Չայնիի» ոլորաններում Opel-ը մխրճվել է երկաթե արգելապատնեշների մեջ․ կան վիրավորներ

Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ հունվարի 3-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 10։00-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 50-ամյա Բագրատ Դ․-ն իր վարած Opel մակնիշի ավտոմեքենայով Երևան-Սևան ավտոճանապարհի 26 կմ հատվածում, «Չայնիի» ոլորաններում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բաժանարար գոտու երկաթե արգելապատնեշներին։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Բագրատ Դ․-ն, նրա ուղևորներ՝ Կոտայքի մարզի բնակիչներ 55-ամյա Նորիկ Հ․-ն և 35-ամյա Արմինե Մ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Չարենցավան» բժշկական կենտրոն։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի և նույն վաշտի 2-րդ դասակի հրամանատար Սարգիս Բագրատյանի գլխավորությամբ։

Տեղում տարածքը սահմանազատել և ծառայություն են կատարել նույն վաշտի ավագ տեսուչներ Ալեքսան Հակոբյանն ու Աշոտ Մխիթարյանը։ 

Օպերատիվորեն ժամանել են նաև ոստիկանության Կոտայքի բաժնի հերթապահ խումբը՝ համայնքային ոստիկանության բաժանմունքի ավագ տեսուչ Կարապետյանի գլխավորությամբ։ 

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արայիկ Վերդյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։ 

Վթարի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։