Խոշոր ավտովթար Արարատի մարզում. ճակատ-ճակատի բախվել են Ford Fiesta-ն ու Kia Rio-ն. 7 վիրավորներից 4-ը երեխաներ են

Խոշոր ավտովթար Արարատի մարզում. ճակատ-ճակատի բախվել են Ford Fiesta-ն ու Kia Rio-ն. 7 վիրավորներից 4-ը երեխաներ են

Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ օգոստոսի 21-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում:

Ժամը 15:30-ի սահմաններում, Երևան-Մեղրի ավտոճանապարհի 48 կմ հատվածում, ճակատ-ճակատի բախվել են Ford Fiesta և Kia Rio մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 7 հոգի, որոնց մեջ կան նաև երեխաներ, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Արարատի բժշկական կենտրոն, որտեղ առաջին բուժօգնությունը ստանալուց հետո տեղափոխվել են Երևանի «Էրեբունի» և «Մուրացան» բժշկական կենտրոններ:

Օպերատիվորեն ժամանել է Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Արարատի թիվ 24 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները ավտոմեքենաներից դուրս են բերել վարորդներին և պատգարակով մոտեցրել «Արարատ» բժշկական կենտրոնից օպերատիվորեն ժամանած շտապօգնության ավտոմեքենաներին:

Օպերատիվորեն ժամանել են Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ:

Օպերատիվորեն ժամանել է նաև ոստիկանության Արարատի բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ:

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արայիկ Վերդյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա հերթապահ քննիչի գլխավորությամբ, ում կողմից վթարի փաստով նախաձեռնվել է վարույթ:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը:

Գ. Շամշյանի տեղեկություններով, վիրավորներից 4-ը երեխաներ են: