Խոշոր ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում. կա 9 վիրավոր

Խոշոր ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում. կա 9 վիրավոր

Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ նոյեմբերի 22-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 21։20-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 33 կմ հատվածում բախվել են Lexus, Mercedes, 2 BMW, VAZ 21010, Opel և ZIL մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 9 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գավառի բժշկական կենտրոն։

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, օպերատիվորեն ժամանած Գավառի բժշկական կենտրոնի բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։

Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետ Արթուր Մկրտչյանն ու ոստիկանության Գավառի բաժնի պետ Պետրոսյանը։

Օպերատիվորեն ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Վաչագան Ոսկանյանի գլխավորությամբ։

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Գավառի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բախման հետևանքով մի քանի ավտոմեքենաներ դուրս են եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում։