Խնդրում եմ, այնպես անես՝ մայրս չլացի. ապրիլյանի տղաներից Բագրատ Ալեքսանյանի վերջին տողերը

Խնդրում եմ, այնպես անես՝ մայրս չլացի․․․ 2016-ի ապրիլյան քառօրյայի ժամանակ զոհված Բագրատ Ալեքսանյանն այսօր կդառնար 24 տարեկան։ Տղայի մայրը պատմում է` ինչպես է որդին համոզել Ռուսաստանից գալ Հայաստան, որ գնա բանակ։ Ցանկությունը կատարել են. տղան մեկնել է Արցախ ու չի վերադարձել…

«Տեր Աստված, եթե մի օր ընկնեմ թուրքի գնդակից, մի խնդրանք ունեմ. շատ եմ խնդրում, աղաչում եմ, որ այնպես անես` մայրս երբեք չլացի, աչքը չոր մնա։ Եթե մայրս չհանգստանա ու լաց լինի, հանգիստ չեմ գտնի երկնքում, իմ հոգին էլ չի հանգստանա, կսավառնի անդադար». 2016–ի ապրիլի 1–ին դիրքեր բարձրանալուց առաջ բանակային իր օրագրում գրել է ապրիլյան քառօրյայի ժամանակ զոհված Բագրատ Ալեքսանյանը։ Սա նրա վերջին գրառումն է եղել։

Այսօր նրա ծննդյան օրն է, Բագրատը կդառնար 24 տարեկան։ Sputnik Արմենիան զրուցել է նրա մոր` Նարինե Ասրյանի հետ։

Կնոջ խոսքով` երբ իրեն ասում են, որ պետք է հպարտ լինի, քանի որ հերոսի ծնող է, ինքը սովորաբար պատասխանում է, որ այնպիսի տղա ուներ, որ նրա կենդանության օրոք էլ էր հպարտ։

Բագրատ Ալեքսանյան

Երկու եղբայրներով` Բագրատ և Սամվել Ալեքսանյաններն Արցախում նույն զորամասում են ծառայել (մեկ տարվա տարբերությամբ են բանակ զորակոչվել), բայց տարբեր վաշտերում։ Մեծ եղբոր` Բագրատի ցանկությամբ երկու եղբայրները երբեք միաժամանակ չեն բարձրացել դիրքեր։ Տիկին Նարինեն հիշում է, որ երբ Բագրատի հետ զրուցելիս ուրախությամբ ասել է, թե լավ է, երկու եղբայր նույն զորամասում են և գուցե նույն վաշտում էլ կծառայեն, Բագրատը մորը հակադարձել է` այդ մասին այլևս խոսակցություն չբացես։ Ավելի ուշ Բագրատն ընկերոջն ասել է, որ ինքն է ուզել` եղբայրը հարևան վաշտում ծառայի, որ եթե հանկարծ ինչ–որ բան լինի, իրենցից գոնե մեկը տուն հասնի։

2016–ի ապրիլի 1–ին Բագրատը դիրքեր է բարձրացել ու նույն զորամասում ծառայող և դիրքերից իջնող եղբորն ասել. «Քեզ լավ նայիր Սամո ջան, քեզ շատ եմ սիրում»…

Մինչ բանակ մեկնելը տղայի ընտանիքը Ռուսաստանում էր ապրում, ու Բագրատն ինքն է խնդրել ծնողներին` հայրենիք վերադառնան, որպեսզի ծառայի։ «Բագրատը, չնայած այդ ժամանակ 16 տարեկան էր, բայց արդեն իր սեփական գործն ուներ Ռուսաստանում. նա խոհարարություն էր սովորել ու մտել հայկական սրճարանում աշխատելու, հետո այդ սրճարանը վարձակալությամբ վերցրել ու ինքն էր աշխատեցնում»,– պատմեց տիկին Նարինեն։

Հայաստան վերադառնալուց հետո մեկ տարով հետաձգվել է Բագրատի` ծառայության մեկնելու ժամկետը, քանի որ տղան շատ գեր էր ու սրտի ճարպակալում ուներ։ Հաջորդ տարի, սակայն, Բագրատը դիմում է գրել ու խնդրել իրեն զորակոչել և Ղարաբաղ ուղարկել։ Տիկին Նարինեն ասում է` ամուսնու կողմը Ղարաբաղից է, և Բագրատի «արյունը քաշել» է։

Բագրատ Ալեքսանյան

Բագրատի ցանկությունը կատարվել է, ու տղան մեկնել է Արցախում ծառայելու։ «Ծառայության երրորդ օրը բոլորին համազգեստ տվեցին, բացի ինձնից։ Իմ հագով համազգեստ չկար։ Ես համարյա 10 օր քաղաքացիական հագուստով էի ման գալիս։ Հետո համազգեստ ճարեցին ու տվեցին, և արդեն ես էլ դարձա շարքային զինծառայող։ Ես այնքանով եմ հպարտ, որ զինվոր եմ, քանի որ ես իմ կամքով եմ եկել ծառայելու Ռուսաստանից»,–բանակային իր օրագրում գրել է Բագրատը։

Նա, ի դեպ, ոչ միայն օրագիր էր պահում, այլ նաև բանաստեղծություններ գրում ու երազում տպագրվելու մասին։ Բագրատի երազանքը նրա ընտանիքը կատարեց, բայց արդեն հետմահու։ 2017–ին տպագրվեց «Վերադարձ» խորագրով գիրքը, որտեղ ամփոփված են տղայի բանաստեղծությունները, հուշերը, օրագրից հատվածներ։

Բագրատի մայրն ասում է, որ չի ափսոսում ոչ մի բանի համար, քանի որ հասկանում է` տղան ինքն էր ընտրել իր ուղին ու որոշում կայացրել` մինչև վերջ պաշտպանվել ու դիրքը պաշտպանել։ Բագրատն անգամ վիրավոր վիճակում չի լքել դիրքը, և միայն սրտին ուղղված փամփուշտն է ամեն ինչին վերջ դրել։

Աղբյուր՝ armeniasputnik.am