«Խեղճ վարսավիրը իր մաշկի վրա հասկացավ, թե ինչքան անմարդկային են քայլարած պաշտոնյաները»․ Անի Կարապետյան

Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Անի Կարապետյանը։

«ՀԱՍԱՐԱԿ ՔԱՂԱՔԱՑԻՆ ՀԵՂԱՓՈԽԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԱՅԼԵՎՍ ԾԱՌԱՅՈՂ Է, ՍՊԱՍԱՐԿՈՒ, ՈՐԻՆ ԿԱՐԵԼԻ Է ԹԵ՛ ԾԵԾԵԼ, ԹԵ՛ ՍՏՈՐԱՑՆԵԼ

Իբր թե ժողովրդի ծոցից դուրս եկած, ժողովրդասեր և ժողովրդական կառավարությունը օրեցօր ավելի ու ավելի է հղփանում, լպիրշանում իր գործողությունների մեջ՝ իրեն վերապահելով այնպիսի չգրված իրավունքներ, որոնց մեջ ինքնագհաստատվելու դեպքում նախորդ իշխանությունները պարզապես հրապարակում կգնդակահարվեին:

Բանը նրանում է, որ Փաշինյանի «տաղանդավոր» կադրերից «ամենատաղանդավորը» և կենդանակերպներից ամենակոկորդիլոսայինը՝ տխրահռչակ Գարիկ Սարգսյանը, նույն ինքը՝ Արարատի մարզպետի պատասխանատու պաշտոնում նշանակված երիտասարդը, իր սանրվածքի կանտովկան ուղղելու համար այցելել է վարսավիրանոց և վարսավիրից ակնկալել իր վեհաշուք անձի արտահերթ սպասարկում:

Բայց ակնկալիքը չի իրականացել, ու Գարիկը դա ամենայն հավանականությամբ ընդունել է որպես «սրբազան հեղափոխության և փրկիչ հեղափոխականների» դեմ ոտնձգություն ու խիստ անհարգալից վերաբերմունք, ու ոչ ավել-ոչ պակաս՝ ծեծկռտուք է սարքել:

Ընդամենը ամիսներ առաջ վարչապետ Փաշինյանը հայտարարում էր՝ «սիրելի հայրենակիցներ, ձեզնից յուրաքանչյուրը վարչապետ է, ձեր դարդերը իմ դարդերն են, ձեր ցավերը իմ ցավերն են»:

Ականջ ծակող այս պոպուլիզմի ֆոնին առավել ակնհայտ է դառնում, որ շարքային պողոսները ընդամենը օգտագործվել են այս իշխանությունների կողմից, և հիմա ստորաբար արհամարհված են:

Պողոսները հիմա ոչ թե վարչապետ չեն, այլ՝ ընդամենը սպասարկուներ են, ծառայողներ, երկրորդ կարգի մարդիկ, ինչպես ժամանակին սևամորթները Աֆրիկայում կամ Եվրոպայում:

Վարսավիրը, ըստ քայլարածների տրամաբանության, չունի սեփական արժանապատվություն, և նրան կարելի է թե՛ ծեծել, թե՛ վիրավորել:

Ժամանակին ՀՀ մարզպետները սկանդալների մեջ ընկնելիս արժանանում էին հասարակության պարսավանքներին, իսկ հիմա՞:

Իսկ հիմա նրանց ամեն ինչ կարելի է, քանի որ նրանց բերել է Նիկոլ ամենափրկիչը՝ 21-րդ դարի Հիսուսը /մեղա քեզ, Աստված/: Իսկ մարզպետները, փաստորեն, նրա առաքյալներին են, հետո՞ ինչ որ տգետ են, որ իրենց մորաքրոջ հարսներին են բերում — տեղավորում աշխատանքի, հետո՞ ինչ, որ չեն պատկերացնում հեկտարն ինչ է: Կարևորը՝ Նիկոլի հետ են, ուրեմն ընտրյալ են:

Այսօր այդ խեղճ վարսավիրը իր մաշկի վրա հասկացավ, թե ինչքան անմարդկային են քայլարած պաշտոնյաները: Նա գուցե հոգու խորքում ափսոսում է, որ ժամանակին նրանց քվե է տվել:

Բայց քանի-քանի այդպիսի վարսավիր ու բանվոր, ուսուցիչ ու գիտնական, բժիշկ ու ուսանող պիտի տուժի սրանց գործողություններից, որպեսզի հասկանան՝ «ախր այս ո՞ւմ բերեցինք իշխանության, ախր մենք մեր ձեռքով քանդում ենք մեր տունը»»: