Լոռու մարզում Mersedes-ը 150 մետր գահավիժել է անդունդը. կա 3 զոհ, 1 վիրավոր

Երեկ՝ նոյեմբերի 25-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում : Ժամը 23:50-ի սահմաններում Օձուն-Հագվի ավտոճանապարհին Mersedes ML մակնիշի 85 ZM 005 համարանիշի ավտոմեքենայի վարորդը, դեռեւս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց եւ մոտ 150 մետր գահավիժել անդունդը:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետեւանքով 3 հոգի տեղում մահացել են, 1 հոգու ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխել են Ալավերդու բժշկական կենտրոն:

Մահացածների մարմինները ոստիկաններն ու փրկարարները հայտնաբերել են ավտոմեքենայից դուրս եւ պատգարակով, մեծ դժվարությամբ դիերը մոտեցրել են օպերատիվորեն ժամանած Ալավերդու բժշկական կենտրոնի շտապօգնության ավտոմեքենաներին:

Փաստի առթիվ Թումանյանի քննչական բաժնում ՀՀ քր. Օր-ի 242 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի, մահացածների եւ վիրավորի ինքնությունը:

Ավտոմեքենան քննիչի հանձնարարականով պետք է վերամբարձ կռունկով կամ քարշակով դուրս բերվի անվտանգ վայր եւ տեղափոխվի ոստիկանության Թումանյանի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Աղբյուր՝ shamshyan.com