Լոռու մարզում 17 հոգի կարանտինում է, իսկ Իրանից ժամանած քույրերը կորոնավիրուսի կասկածով տեղափոխվել են «Գոլդեն Փելես»

Լոռու մարզում 17 հոգի կարանտինում է, իսկ Իրանից ժամանած քույրերը կորոնավիրուսի կասկածով տեղափոխվել են «Գոլդեն Փելես»

Armtimes.com-ը գրում է․ Լոռու մարզում մինչ այս պահը թեպետ կոնավիրուսով վարակման դեպքեր չեն արձանագրվել, 17 քաղաքացի դեռեւս գտնվում է կարանտինի մեջ:

Լոռու մարզպետարանի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության պետի պաշտոնակատար Լուսինե Վարդանյանը ՀԺ-ի հետ զրույցում ասաց, որ մարզում իրավիճակը վերահսկելի է ոչ միայն կորոնավիրուսով, այլ նաեւ մյուս վիրուսներով պայմանավորված: 

«Այս պահի դրությամբ կորոնավիրուսի կասկածով անձ մարզում չունենք: Ունենք միայն կոնտակտային անձինք, որոնք վերադարձել են Իրանից, Իտալիայից եւ Չինաստանից»,- ասաց Լուսինե Վարդանյանը՝ նշելով, որ աշխարհում կորոնավիրուսի հայտնաբերման պահից (նախորդ տարեվերջից) մինչ օրս մարզի տարածք է մտել հիշյալ երկրներից 58 քաղաքացի, որոնցից 41-ն արդեն անցել է 14-օրյա կարանտինը, նրանց մոտ ոչ միայն ջերմության բարձրացում, այլեւ որեւէ այլ խնդիր չի արձանագրվել՝ թե՛ այն ժամանակ, թե՛ հիմա, լիովին առողջ վիճակում են:

«17 հոգի դեռեւս գտնվում են շուրջօրյա հսկողության տակ, սակայն որեւէ կլինիկական ախտանշաններ չունեն: Պարզապես հսկողության տակ են, գտնվում են իրենց տներում:

Նրանց նկատմամբ ամենօրյա հսկողություն իրականացնում են ամբուլատոր պոլիկլինիկական հաստատությունների բժիշկները, ինչպես նաեւ հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման Լոռու մարզային կենտրոնի բժիշկները»,- հավելեց մեր զրուցակիցը:

Թեհրան-Երեւան վերջին չվերթն իրականացրած ինքնաթիռում, որի ուղեւորներից մեկի մոտ էլ հաստատվեց Հայաստանում առաջին ու առայժմ միակ կորոնավիրուսի դեպքը, եղել են նաեւ կոնտակտային 2 հարազատ քույրեր, որոնցից մեկը Լոռու մարզի բնակիչ է, մյուսը՝ Երեւան քաղաքի:

golden palace

Նրանք տեղափոխվել են Ծաղկաձոր. «Քանի որ գտնվել են բարձր համաճարակաբանական վիճակում, այդ 2 կանանց հատուկ շտապօգնության մեքենաներով տեղափոխել ենք Ծաղկաձորի համապատասխան հյուրանոց: Նրանց մոտ եւս կլինիկական ոչ մի ախտանշան չի եղել, պարզապես նույն ինքնաթիռում են եղել»:

Վարչության պետի պաշտոնակատարը վստահեցրեց՝ մարզի ամբուլատորիաները փետրվարից անցել են ամենօրյա աշխատանքային ռեժիմի, հետեւաբար բոլոր առողջապահական հիմնարկները բաց են:

Ըստ Լուսինե Վարդանյանի՝ մարզի բոլոր հիվանդանոցներն արդեն ունեն համապատասխան մեկուսարաններ, ապահովված են համապատասխան արտահագուստով ու մաքրող նյութերով, ինչը թույլ կտա անհրաժեշտության դեպքում ընդունել կորոնավիրուսով վարակված մարդու: «Նախարարի հրամանով Տաշիրի բժշկական կենտրոնը կցված է նաեւ Գոգավանի մաքսակետին»,- ասաց նա: