Մամուլ

Լոնդոնը Բաքվի կողքին է. 100 տարի առաջ ինչ պատասխանեցին զանգեզուրցիները բրիտանացի գեներալին

Լոնդոնը Բաքվի կողքին է. 100 տարի առաջ ինչ պատասխանեցին զանգեզուրցիները բրիտանացի գեներալին

Sputnik Արմենիան գրում է․ Եկեք անկեղծ լինենք։ Պատմությունը կրկնվելու հատկություն ունի։ Եվ դրա վառ վկայությունն է Սյունիքը կամ Զանգեզուրը։

Համաձայնե՛ք, Արցախի հարցի շուրջ վեճերը շարունակվել են վերջին մեկ դարի ընթացքում, նույնիսկ խորհրդային տարիներին Հայաստանի որոշ ղեկավարներ այնուամենայնիվ պարբերաբար համարձակվում էին բարձրացնել Արցախի հարցը՝ քաջ գիտակցելով, որ Կրեմլին դա բոլորովին էլ դուր չի գա։

Իսկ Զանգեզուրի հարցը, կարծես թե վերջնականապես լուծված էր համարվում։ Եվ ոչ միայն Խորհրդային Միության գոյության ժամանակ, այլև ընդամենը մի քանի տարի առաջ դժվար թե որևէ մեկը պատկերացներ, որ Սյունիքում, Սև լճի մոտ տասնյակ զինված ադրբեջանցիներ կարող են հայտնվել, որոնք կարծես թե մտադիր էլ չեն հեռանալ Հայաստանի տարածքից։

​Զանգեզուրի նշանակությունը ադրբեջանցիներն ու թուրքերը շատ լավ էին հասկանում դեռ այն տարիներին, երբ նոր էր ավարտվել Առաջին համաշխարհային պատերազմը։ Այն ժամանակ մեր տարածաշրջանում շատ ակտիվ դերակատարություն ունեին անգլիացիները, որոնց միշտ էլ ձգել ու գայթակղել է Կասպից ծովի նավթը։ Ընտրված էր գրեթե նույն մարտավարությունը, որն այժմ որդեգրել են Ադրբեջանի իշխանությունները։

Սկզբում համոզել բոլորին, այդ թվում՝ նաև հայերին, որ նրանց համառությունը կարող է ողբերգական հետևանքներ ունենալ, իսկ եթե այդ փաստարկները չընդունվեն, պարզապես ուժ կիրառել։

Ահա թե զանգեզուրցիներին ինչ փաստարկներ էր ներկայացնում այն ժամանակ՝ գրեթե 100 տարի առաջ, Ադրբեջանում բրիտանական զորքերի հրամանատար, բրիգադի գեներալ Շատլվորթը.

«…Պարզ պիտի լինի Ձեզ, որ Ձեր լեռներում երկար ապրել չեք կարող, կտրված ամեն կողմից, փակ բոլոր ճանապարհները, ներքևից Արաքսի ափից, Օրդուբատի կողմից, Նախիջևանի կողմից, ունեք մի ճանապարհ, այն է՝ Յեվլախով, որը անշեղ կապված է Ադրբեջանի պետության հետ, որը ձեր կողմից  նրանց պահանջները ընդունելու դեպքում բաց կլինի, չընդունելու դեպքում՝ փակ. ուրեմն և փակ կմնան ձեր ամբողջ գյուղերը։

Այդպես ապրել չի կարելի, երկար չեք քաշի, որքան էլ ձգձգեք, միևնույն է, վերջ ի վերջո պիտի հասկանաք երկրի դրությունը և հրամայական պահանջը», – հորդորում էր գեներալը՝ անկեղծորեն խոստովանելով, որ Լոնդոնը միանշանակ Բաքվի կողքին է՝ ընդդեմ համառող հայերի։

«Դուք պիտի իմանաք, որ ադրբեջանական կարգերին հակառակվելով, դուք հակառակվում եք Անգլիային, դուք ունի՞ք պատասխան, ի՞նչ է Ձեր պատասխանը»։

Զանգեզուրցիների պատասխանը, ըստ պատմաբան Արամ Սիմոնյանի, միանշանակ էր. «Շրջանային խորհրդի անդամները ամենայն վճռականությամբ հերքեցին Շատլվորթի պատճառաբանություններն ու փաստարկումները և միաբերան, շատ կտրուկ հայտարարեցին, որ թեև Զանգեզուրի հայերը Մեծ Բրիտանիայի վրա նայում են որպես հայության բարեկամի և հովանավորի, բայց նրանք մեկընդմիշտ որոշել են ոչ մի գնով չընդունել Ադրբեջանի իշխանությունը և պատրաստ են դիմադրելու մինչև վերջին շունչը»:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կիսվել էջում