Լիլիթ Բաբասյանը՝ շատակերության մասին

Տոներից և հայկական ճոխ սեղաններից հետո հատկապես աղջիկներն ու կանայք մեծ սթրես են ապրում ընդամենը մի քանի օրում հավաքած ավելորդ կիլոգրամներից: Հենց այս թեմայի շուրջ էլ Life.panorama.am-ը զրուցել է դիետոլոգ Լիլիթ Բաբասյանի հետ, ով շեշտեց, որ այս հարցում գլխավորը հոգեբանորեն պատրաստված լինելն է, այլ ոչ թե դիետաները:
«Առողջ մարդը, ով սիրում է համեղ ուտել, բայց նաև կարողանում է պահպանել չափավորությունը, ապա նա երբեք չի գիրանա: Այն մարդիկ, որոնց համար տոները ուտելու համար էին և տոները ավելի շատ ստամոքսի համար էին, ապա նրանք հաստատ բավականին քաշ կհավաքեն: Ընդհանուր առմամբ, մարդիկ, ովքեր արդեն իսկ վերադարձել են աշխատանքի, ինքնըստինքյան կանցնեն հին ռեժիմին, և հոգեբանորեն կյանքի նախկին ռիթմին անդրադառնալը ևս օգնում է: Իսկ ընդհանուր առմամբ, այս պարագայում ամենակարևորը պետք է գիտակցության մեջ որոշակի ուղղություններ մտցնել, օրինակ՝ պետք է հասկանալ, որ ուտելիքը քեզնից չի փախչի, այն ամեն տեղ էլ կա և կարող ես յուրաքանչյուր պահի գտնել ու գնել դրանք: Հայերիս շրջանում դեռ 90-ականներից է մնացել այդ վախը, որ կարող է ուտելիքը վերջանա, որ չի բավականացնի, որ խանութներում դրանք այլևս չեն գտնվի, բայց ժամանակն է, որպեսզի ընդունենք ու հասկանանք, որ սնունդը հաստատ չի վերջանա», — շեշտեց նա ու շարունակեց.
«Մեր խնդիրը հենց մեր մեջ է: Մենք շատ հյուրընկալ ազգ ենք, բայց այդ հատկությունը կարող է անգամ վնասել մեզ, երբ գնում ես մեկի տուն ու տան տերը քեզ պարզապես ստիպում է ամեն ինչ ուտել: Պետք է մտնել մարդու դրության մեջ ու հանգիստ թողնել նրան, որպեսզի ուտի այնքան, որքան ուզում է»: