«Լիդիան Արմենիան» կարող է դատական հայց ներկայացնել ընդդեմ կառավարության. Արմեն Ստեփանյան

Ամուլսարում աշխատանքներ իրականացնող «Լիդիան Արմենիա» ընկերությունը, հնարավոր է՝ դատական հայց ներկայացնի ընդդեմ կառավարության՝ հանք տանող ճանապարհները փակելուց հետո ընկերության կրած կորուստների վերականգնման համար:

Հարցին, թե հնարավո՞ր է, որ կորուստները փորձեք դատական կարգով կառավարությունից հետ ստանալ, «Լիդիան Արմենիա» ընկերության կայուն զարգացման գծով փոխնախագահ Արմեն Ստեփանյանը պատասխանեց. «Բոլոր օպցիաներն այսօր բաց են, մենք բազմիցս դրա մասին խոսել ենք»:

Ճշտող հարցին՝ հնարավո՞ր է դատական հայց ներկայացնեք, Արմեն Ստեփանյանը նշեց. «Հնարավոր է, ամեն ինչ հնարավոր է»:

Արմեն Ստեփանյանի խոսքով՝ Ամուլսարի հանք տանող ճանապարհները շարունակում են ապօրինաբար փակ մնալ, ինչի հետևանքով ընկերությունը մեծ կորուստներ է կրում:

«Մենք դեռևս գտնվում էինք շինարարական փուլում, որը ճանապարհների փակելու պատճառով դադարեցվեց: Իհարկե, կորուստները մեծ են: Նոր փակված ժամանակ շատ ավելի մեծ էին կորուստները, քան, բնականաբար, հիմա, որովհետև ընթացքում շուրջ 1300 մարդ աշխատանքից զրկվեց: Կորուստների ընդհանուր հանրագումարը մեծ է, դժվարանում եմ հիմա թիվ ասել, բայց տասնյակ միլիոնավոր դոլարների մասին է խոսքը»,- ասաց նա:

«Լիդիան Արմենիա» ընկերության կայուն զարգացման գծով փոխնախագահը նշում է, որ համացանցում «Լիդիան Արմենայի» վերաբերյալ տարածվող տեսանյութերը ապատեղեկատվություն են:

«Տեսանյութերի մեծ մասը, եթե ոչ ամբողջությամբ, ապատեղեկատվություն է տարածում: Պարզ օրինակներից մեկը մարդկանց պոչամբարներով վախեցնելն է այն դեպքում, երբ «Լիդիան Արմենիան» Ամուլսարի նախագծով պոչամբար չի ունենում: Այսինքն՝ տարբեր մանիպուլյատիվ գործիքներ են օգտագործվում մարդկանց մեջ վախի միջոցով տարբեր հարցեր բարձրացնելու համար»,- հայտարարեց նա:

Ինչ վերաբերում է հանքերի իրական սեփականատերերի բացահայտման օրենքի նախագծին, որն ուժի մեջ է մտնելու ապրիլ-մայիս ամիսներին, Արմեն Ստեփանյանը պատասխանեց. «Հիմնական բաժնետերերի ինֆորմացիան այսօր հասանելի է, և դուք կարող եք այսօր մտնել մեր կայք, ծանոթանալ բաժնետերերին: Դուք կտեսնեք, որ նրանք հիմնականում ինստիտուցիոնալ բաժնետերեր են»:

Աղբյուր՝ tert.am