Լեռնային Ղարաբաղը երբեք չի վերադառնա Ադրբեջան․ այսպիսին է իրականությունը․ Սատանովսկի

Լեռնային Ղարաբաղն անջատվել է Ադրբեջանից և այլև չի վերադառնա նրա կազմ։ Ռուսաստանցի հայտնի արևելագետ, Մոսկվայի Մերձավոր Արևելքի ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին իր այս հայտարարությունն արել էր մոտ երեք տարի առաջ՝ 2016 թ․ Ապրիլյան պատերազմից հետո, ադրբեջանական Haqqin.az լրատվական կայքին տված հարցազրույցում, և այսօր էլ մնում է նույն համոզմանը։

Հեղինակավոր փորձագետն ասել էր, որ Ադրբեջանն իհարկե կարող է շարունակել պատերազմը, բայց չի կարող հաղթել այն, քանի որ այն հարցը, որ Ղարաբաղը Ադրբեջանի մաս է, ամբողջովին փակված է թե՛ ռազմական տրամաբանության, թե՛ իրական քաղաքական տեսանկյունից։ Ալիևը կարող է իր զորքերն ուղարկել մսաղացի, ժամանակ ու փող ծախսել՝ ինչքան ուզում է, բայց դա օգուտ չի տա։ Բացի դրանից՝ պատերազմը կարող է տեղափոխվել Ադրբեջանի տարածք։ Այսպիսով, մի կողմից Ադրբեջանին, Եվգենի Սատանովսկու համոզմամբ, չի հաջողվի փոխել ստատուս-քվոն Լեռնային Ղարաբաղում, բայց մյուս կողմից էլ՝ չկան հիմնախնդրի փոխզիջումային լուծման, խաղաղության հասնելու հեռանկարներ։

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում խոսելով թեմայի շուրջ՝ Սատանովսկին նշեց, որ ներկայիս իրավիճակում, հակամարտող կողմերի հակադիր դիրքորոշումների պայմաններում հիմնախնդրի կարգավորման, խաղաղության համաձայնագրի մասին խոսք լինել չի կարող։ Նման իրավիճակներում հարցերը լուծվում են միայն ուժով, բայց Ադրբեջանը չի կարող գրավել Լեռնային Ղարաբաղը։ Իսկ Արցախի հայությանը «լայն ինքնավարություն» տալու առաջարկը, իհարկե, շատ հուզիչ ու սրտաճմլիկ է, բայց բանն այն է, որ Ղարաբաղի հայերը չեն համաձայնվի դրան։

– Պարոն Սատանովսկի, Դուք ասում եք, որ Լեռնային Ղարաբաղն այլևս չի վերադառնա Ադրբեջանի կազմ։ Այսինքն՝ հիմնախնդրի կարգավորման հնարավորություննե՞ր կան, թե՞ պարզապես խոսքն այն մասին է, որ Ադրբեջանը չի կարող ռազմական ճանապարհով զավթել Ղարաբաղը։

– Իսկ ի՞նչ կարգավորում կարող է այնտեղ լինել։ Խոսքն այն մասին չէ, որ այս հարցը կարող է ինչ-որ կերպ լուծվել։ Կողմերից յուրաքանչյուրն իր դիրքորոշումն է պնդում և լսում է միայն իրեն։ Այսպիսի իրավիճակներում հարցերը լուծվում են միայն ուժով։ Անկեղծ ասած՝ ես չեմ պատկերացնում, որ Բաքուն կարող է գրավել Ղարաբաղը։ Այնտեղի բնակչությունն է ուրիշ։ Մնացած տարբերակները, օրինակ՝ Լեռնային Ղարաբաղին Ադրբեջանի կազմում «լայն» կամ «ամենալայն ինքնավարություն» տալու առաջարկը, շատ հուզիչ ու սրտաճմլիկ է, բայց մի խնդիր կա՝ Լեռնային Ղարաբաղի բնակչությունը կհամաձայնվի՞ դրան։ Իհարկե ոչ։ Ուրեմն մնացած ամեն ինչը հեքիաթներ են։

– Ադրբեջանը, ի դեպ, այսօր էլ է ասում, թե պատրաստ են ինքնավարություն տալ Լեռնային Ղարաբաղի հայերին, դրանից ոչ ավելին։

– Դա պարզ է։ Բայց այստեղ կա շատ կարևոր հարց՝ Ղարաբաղի հայերը կհամաձայնվե՞ն դրան։ Եթե ոչ, ապա նրանց ինքնավարություն տալու պատրաստակամությունը ոչնչով չի տարբերվում Խորհրդային միությունում եղած իրավիճակին։ Եթե երբևէ նախկին ԽՍՀՄ-ի տարածքում ի հայտ գա ինչ-որ միասնական պետություն, ապա գուցե Ղարաբաղը և մյուս ազգային ինքնավարությունները մտնեն այդ պետության կազմի մեջ՝ ենթարկվելով կենտրոնին։ Բայց դա ավելի քիչ հավանական է, քան Լեռնային Ղարաբաղի վերադարձը Ադրբեջանի Հանրապետություն։ Այսպիսին է իրականությունը։ Կարելի է հասկանալ այն, կարելի է և չհասկանալ, կարելի է այն ճանաչել կամ չճանաչել։ Քաղաքական գործիչները երբեք այն չեն ճանաչի։ Բայց ինչ արած․․․

Աղբյուր՝ 1in.am


Կիսվիր ընկերներիդ հետ