«Լապտերիկ» մանկապարտեզի տնօրենը տարիներ շարունակ յուրացրել է երեխաների սնունդը՝ խոհարարին ստիպելով բերել իր սենյակ

Կիսվիր ընկերներիդ հետ

«Լապտերիկ» մանկապարտեզի տնօրենը տարիներ շարունակ յուրացրել է երեխաների սնունդը՝ խոհարարին ստիպելով բերել իր սենյակ:

«Լապտերիկ» մանկապարտեզի տնօրեն Գայանե Հովհաննիսյանի ձերբակալությունից հետո ՀՀ քննչական կոմիտեն որոշ մանրամասներ է հրապարակել նրա յուրացումների և չարաշահումների մասին։

Պարզվում է` տնօրենը 2014 թվականից սկսած յուրացրել է մանկապարտեզի սաների համար նախատեսված սննդի մի մասը:

«2014թ. սկզբներից մինչև 2019թ. հունվարի 17-ն ընկած ժամանակահատվածում առերևույթ յուրացրել է իրեն վստահված, մանկապարտեզի երեխաների բաժին հանդիսացող, դեռևս չհաշվարկված արժեքի սննդի մի մասը, ինչպես նաև՝ յուրացման եղանակով առերևույթ հափշտակել մանկապարտեզում հրամանագրված, սակայն փաստացի չաշխատող անձանց անվամբ փոխանցված, առանձնապես խոշոր չափի` 13.357.941 ՀՀ դրամ գումարը»,– նշված է ՔԿ–ի հաղորդագրության մեջ։

Տնօրենը, աշխատատեղը պահպանելու պայմանով, մանկապարտեզի խոհարարից պահանջել է, որ մանկապարտեզ հաճախած երեխաների կերակրման համար նախատեսված ճաշացանկում ընդգրկված ճաշատեսակների պատրաստման համար նախատեսված և յուրաքանչյուր օր պահեստից բաց թողնվող սննդամթերքից, իրեն մասնաբաժին հատկացնելու համար, առանձնացնի որոշակի չափաբաժիններ։

Խոհարարը, աշխատանքը չկորցնելու մտավախությունից դրդված, կատարել է մանկապարտեզի տնօրենի պահանջը. ամեն օր, ճաշացանկից կախված, առանձնացրել է սննդամթերքը, երեխաների համար կերակուրները պատրաստել ոչ լիարժեք բաղադրիչներով, և անձամբ կամ իր օգնականի միջոցով սննդամթերքը տեղափոխել տնօրենի աշխատասենյակ:

Նախնական տվյալներով՝ աշխատասենյակում կուտակվող սննդամթերքը տնօրենը պարբերաբար տեղափոխել է մանկապարտեզից։

2019թ. հունվարի 17-ին, օրենքով սահմանված կարգով իրականացված խուզարկության արդյունքում մանկապարտեզի տնօրենի աշխատասենյակից հայտնաբերվել և առգրավվել է 2019թ. հունվարի 15-17-ն ընկած ժամանակահատվածում խոհարարի օժանդակությամբ առանձնացված սննդամթերքը:

Նախնական քննության տվյալներով՝ մանկապարտեզի տնօրենն իր ազգականներին և ծանոթներին՝ թվով 9 անձանց, մանկապարտեզի տարբեր հաստիքներին հրամանագրելու և վերջիններիս կողմից փաստացի չաշխատելու պայմաններում, անձամբ ստացել է նրանց անվամբ բացված բանկային հաշիվներին փոխանցված և բանկային քարտերով կանխիկացված ամենամսյա աշխատավարձի տեսքով առանձնապես խոշոր չափի դրամական միջոցներն ու հափշտակել դրանք։

2019թ. հունվարի 21-ին մանկապարտեզի տնօրենը ձերբակալվել է՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով հանցագործություն կատարելու կասկածանքով։

Նախաքննությունը շարունակվում է։ Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ։

Մեկնաբանել
Կիսվիր ընկերներիդ հետ
Loading...