Իրանի ԱԳՆ-ն անդրադարձել է Հայաստանի տարածքով անցնող իրանական բեռնատարների թեմային

Իրանի ԱԳՆ-ն անդրադարձել է Հայաստանի տարածքով անցնող իրանական բեռնատարների թեմային

Ադրբեջանական ոստիկանությունն արդեն երկրորդ օրն է` կանգնեցնում ու ստուգում է Գորիս-Կապան ճանապարհով անցնող իրանական բեռնատարները։

Իրանի արտաքին գործերի նախարարությունը մեկնաբանել է Հայաստանի հարավում տիրող իրավիճակը։ Այս մասին գրում է «Սպուտնիկ Արմենիա»-ն։

ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սայիդ Խաթիբզադեն հայտարարել է, որ հարևանների հետ հարաբերություններն Իրանի համար առաջնահերթություն են, այդ գերակայությունն արտացոլված է որպես նախագահ Իբրահիմ Ռաիսիի արտաքին քաղաքականության հիմնարար մոտեցում:

Խաթիբզադեի խոսքով՝ Թեհրանը հավասարակշռված, բայց միևնույն ժամանակ հաշվի առնելով իր առաջնահերթությունները` ընդլայնում է հարաբերությունները բոլոր հարևանների հետ:

«Մենք փորձում ենք օգտագործել Իրանի Իսլամական Հանրապետության հնարավորությունները տարածաշրջանային զարգացման, խաղաղության և կայունության համար՝ բոլոր հարևանների մասնակցությամբ։

Մասնավորապես օրակարգում են մեր հարաբերությունները Հայաստանի, ինչպես նաև մեր մյուս հարևանների հետ»:

Հիշեցնենք, որ Հայաստանի ԱԱԾ-ն սեպտեմբերի 12-ին հայտնել էր, որ Սյունիքի մարզի Գորիս-Կապան ճանապարհին ադրբեջանցի ոստիկանները կանգնեցնում են իրանական բեռնատարները՝ փաստաթղթերն ու բեռները ստուգելու համար: