Իրանը թուրք-ադրբեջանական ալյանսին պատասխան զորավարժություն է անում՝ ընդդեմ «Զանգեզուրի միջանցքի»

Իրանը թուրք-ադրբեջանական ալյանսին պատասխան զորավարժություն է անում՝ ընդդեմ «Զանգեզուրի միջանցքի»

1in.am-ը գրում է․ Իրանում խոշոր զորավարժություններ են մեկնարկել:Համակարգման գծով բանակի հրամանատարի տեղակալ Հաբիբոլա Սայարին հայտարարել է, որ ցամաքային, օդային և ռազմածովային ուժերի «Զոլֆաղար-1401» համատեղ զորավարժությունները կազմակերպվել են երկրի հարավում՝ Ջասկում և Հորմուզի նեղուցից արևելք:

Զորավարժությունների գլխավոր նպատակներից մեկը, ըստ հրամանատարի, զորքերի խորացված պատրաստությունն է հատուկ պայմաններում գործողություններ իրականացնելու համար։

Սայարիի խոսքով՝ զորավարժությունները նպատակ ունեն հիշեցնել տարածաշրջանի երկրներին, որ տարածաշրջանում խաղաղություն ձեռք կբերվի միայն տարածաշրջանային ներուժի ու միասնության շնորհիվ։

«Պատմությունն ապացուցել է, որ անդրտարածաշրջանային դերակատարները ձգտում են պատերազմի և անկայունության», – հայտարարել է իրանցի բարձրաստիճան զինվորականը։

«Զոլֆաղար-1401»-ը նախատեսված է ցույց տալու Իրանի Իսլամական Հանրապետության դեմ զենքի էմբարգոյի անարդյունավետությունը, նշվում է պաշտոնական հաղորդագրություններում:

Իրանագետ Արմեն Վարդանյանի  կարծիքով՝ Իրանն ամեն ինչ անում է, որ իր սահմանների մոտ պատերազմ չլինի.«Նաև ամեն կերպ փորձում է զսպել Ադրբեջանի ախորժակը, որպեսզի Ադրբեջանը չփորձի արտատարածքային միջանցք պոկել Հայաստանից»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Մեր այն դիտարկմանը, թե զորավարաժությունները փաստորեն, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» դեմ են, Վարդանյանը պատասխանեց. «Ես կարծում եմ՝ այո՛»։

Կոնկրետ զորավարժությունները Հայաստանի վրա ուղիղ անդրադարձ չեն ունենա, սակայն, իրանագետի խոսքերով՝ այն ավելի շատ քաղաքական-դիվանագիտական նշանակություն ունի։

Մեր զրուցակիցը նաև կարծում է, թե սա որոշակի պատասխան է վերջերս Իրանի հետ սահմանին անցկացված թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժություններին.

«Ընդ որում՝ Ադրբեջանում նույնիսկ չթաքցրեցին էլ, որ այդ զորավարժություններն Իրանի դեմ են։ Ադրբեջանական պետական քարոզչամեքենա հանդիսացող «Հաքինազը» նույնիսկ հոդված էր հրապարկել՝ առ այն, որ իրենք Իրանից չեն վախենում, այլ Իրանը պետք է վախենա իր սահմանին անցկացվող զորավարժություններից»։

Արմեն Վարդանյանը նշում է՝ թե’ թուրք-ադրբեջանական և թե՛ այժմ Իրանի կողմից անցկացված զորավարժությունները ռազմական հետևանքներ չեն ունենա, այսինքն՝ պատերազմական գործողություններ չեն լինի.«Մնացած հարցերում կողմերի հարաբերությունները լարված են, բայց ես ռազմական բախում չեմ կանխատեսում»,-եզրափակեց նա։

Իրանահայ քաղաքական մեկնաբան Մովսես Քեշիշյանի կարծիքով՝ զորավարժությունները նպատակ ունեն ապացուցելու, որ Իրանը մշտապես պատրաստ է պահպանելու ու պաշտպանելու իր երկրի անվտանգությունը.

«Բնականաբար կա նաև քաղաքական պատգամ այն երկրներին, որոնք Իրանի հասցեին  հայտարարություններ են  հնչեցնում։ Դուք գիտեք, որ վերջերս խոսվում է Իրանի հարավային շրջանի երեք կղզիների մասին։

Այն երկրները, որոնք նախկինում բաժանված են Իրանից՝ այժմ Իրանի  կղզիների նկատմամբ նկրտումներ ունեն։ Վերջերս Չինաստանի նախագահն ասաց, որ պետք է երկու կողմերը՝ Իրանը և ծոցի երկրները երկխոսություն սկսեն, ինչը իրանական կողմի համար բնականաբար ընդունելի չէ։

Նման հայտարարությունները, որոնք ի դեպ,  պաշտպանվում են Սաուդյան Արաբիայի կողմից, Իրանի համար ընդունելի չեն և Թեհրանը սրանով ցույց է տալիս, որ զիջում չի լինելու»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում