Իրանական կողմն առաջարկում է գազի հետ փոխանակել հանքարդյունաբերությունից ստացվող ապրանքները

Իրանական կողմը վարչապետ Նիկոլ Փաշինյանին Թեհրան այցի շրջանակում առաջարկել է գազի հետ փոխանակել հանքարդյունաբերությունից ստացվող ապրանքները: Այս մասին ասաց էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների փոխնախարար Գարեգին Բաղրամյանը:

«Դեռ չեն կոնկրետացրել, թե ինչ տիպի ապրանքի մասին է խոսքը: Գիտեք, որ Հայաստանի և Իրանի միջև կա փոխանակման պայմանագիր՝ գազ-էլեկտրոէներգիայի դիմաց, նույն տրամաբանությամբ էլ առաջարկում են փոխել այլ ապրանքներ գազի դիմաց, բայց, կրկնում եմ, դեռ չեն հստակեցրել, թե ինչ ապրանքների մասին է խոսքը»,- ասաց Գարեգին Բաղրամյանը:

իրանական գազ

Փոխնախարարը նշեց, որ ցանկացած փոխշահավետ առաջարկ քննարկելի է, որովհետև Հայաստանը կունենա լրացուցիչ գազ ներկրելու հնարավորություն:

«Ժամանակին մենք Թուրքմենստանից գազ գնելիս 50 տոկոսը վճարում էինք կանխիկ, մյուս 50 տոկոսը՝ հայկական արտադրանքով: Տեքստիլ էինք տալիս և այլն ու կորուստ չէինք ունենում  ապրանքի ինքնարժեքում»,- նշեց Գ. Բաղրամյանը:

Աղբյուր՝ Tert.am