Իջևանում 23-ամյա տղայի սպանությունը ոստիկանները բացահայտել են. կասկածյալը 32-ամյա անտառապահն է

Իջևանում 23-ամյա տղայի սպանությունը ոստիկանները բացահայտել են. կասկածյալը 32-ամյա անտառապահն է

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ երեկ, օգոստոսի 23-ին, ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության մի խումբ ծառայողներ մեկնել էին Տավուշի մարզ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ Տավուշի մարզում քաղաքացիները իրենց վարկածներն էին առաջ քաշում, թե ինչի համար էին Երևանից ժամանել ոստիկանները, վերջիններս տաք հետքերով բացահայտեցին օգոստոսի 22-ին Տավուշի մարզի բնակիչ՝ 23-ամյա Սևադա Ղազարյանի սահմռկեցուցիչ սպանությունը։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում և ոստիկանության Տավուշի մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել ենթադրյալ կասկածյալի մասին, ու երեկ, վաղ առավոտյան ոստիկանները նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով հայտնաբերում և ոստիկանության Իջևանի բաժին են բերման ենթարկում Տավուշի մարզի բնակիչ՝ 32-ամյա Արմեն Ե-ին։

Վերջինս փաստերի ճնշման տակ խոստովանում է, որ օգոստոսի 21-ն, ժամը 21։00-21։30-ն ընկած ժամանակահատվածում Վազաեն բնակավայրի «Վիշկի Յալ» կոչվող հատվածում գումարային հարցերի շուրջ վիճաբանություն է առաջացել իր և Ս. Ղազարյանի միջև, որի ժամանեկ էլ իր մոտ եղած դանակով հարվածներ է հասցրել Ս. Ղազարյանի մարմնի տարբեր մասերին, ապա սպանել նրան ու այրել դին։

Ոստիկանության Իջիանի բաժնից Արմեն Ե-ն ներկայացվել է Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչություն, որտեղ էլ քննիչի որոշմամբ ձերբակալվել է։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ կասկածյալն աշխատում է «Հայանտառ» պետական ոչ-առևտրային կազմակերպության Իջևանի անտառտնտեսության Այգեհովիտի անտառապետության թիվ 1 պահաբաժնում, որպես անտառապահ։

Ավելի վաղ հայտնել էինք, որ օգոստոսի 22-ին առեղծվածային ու սահմռկեցուցիչ դեպք էր տեղի ունեցել Տավուշի մարզում։  Ժամը 11։30-ի սահմաններում ոստիկանության Իջևանի բաժին ահազանգ էր ստացվել Տավուշի մարզի բնակիչ՝ 67-ամյա Լորիկ Բադիրյանից, ով հայտնել էր, որ Վազաշեն բնակավայրի սկզբնամասում այրված դի կա։