Ինքնասպանության փորձ կատարողի ոտքը սայթաքեց և վայր ընկնելու պահին օդում բռնեցին

Ինքնասպանության փորձ կատարողի ոտքը սայթաքեց և վայր ընկնելու պահին օդում բռնեցին

Shamshyan.com-ի փոխանցմամբ այսօր արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, «Հաղթանակ» կամրջի աջ և ձախ հատվածներում 2 քաղաքացի՝ յուրաքանչյուրը մի հատվածում, անցել են կամրջի վտանգավոր եզրագիծը և սպառնում էին ցած նետվելով, ինքնասպանություն գործել:

Ինքնասպանության փորձ կատարող քաղաքացիներից մեկին կարողացան փրկել և դրանում մեծ է եղել սիրված երգչուհի Սոֆի Մխեյանի եղբոր՝ Գոռ Մխեյանի և «Ալֆայի» աշխատակից մի տղամարդու դերակատարությունը, իր դերն է ունեցել նաև հրշեջ-փրկարարների ու փրկարար-հոգեբանի պրոֆեսիոնալ աշխատանքը: Այդ տղամարդուն նրանք հրաշքով փրկեցին, քանի որ նրա ոտքը սայթաքեց և վայր ընկնելու պահին՝ բառացիորեն օդում բռնեցին:

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Երևանի 1-3 շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը և նրանք տեղում առաջին օգնությունը ցուցաբերեցին փրկվածին ու նրան տեղափոխեցին հիվանդանոց: Դեպքի վայրում ոստիկանների աշխատանքը ղեկավարում էր ոստիկանության Կենտրոնական բաժնի պետ Արման Պապյանը:

Այս պահին ոստիկանները, փրկարարներն ու բժիշկները՝ փրկարար-հոգեբանի հետ, բանակցություններ են վարում ինքնասպանության փորձ կատարող մյուս քաղաքացու հետ, որպեսզի նա չդիմի ծայրահեղ այդ քայլին: