Մամուլ

Ինչպես է անցել Աննա Հակոբյանի կազմակերպած «փարթի» հավաքը

Ինչպես է անցել Աննա Հակոբյանի կազմակերպած «փարթի» հավաքը

Աննա Հակոբյանի օգնական, «Պերֆեկտ TV»-ի տեսանյութերի տեքստերը կարդացող Ստելլա Սարուխանյանը «Սև ու սպիտակ» անվանումով մի միջոցառում էր կազմակերպել, որին մասնակցել էր նաեւ Աննա Հակոբյանը, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի մայրը, ՔՊ-ական Գնել Սարգսյանը եւ այլք:

«Միասնական ազգ» բարեգործական հասարակական կազմակերպության այս ՄԵՆՔ/ MENQ նախաձեռնության հավաքը կայացել է մայիսի 27-ին, երբ դեռ ջրհեղեղ էր Տավուշի եւ Լոռու մարզերում: Սոցցանցերում թիրախավորվել է այդ միջոցառմանը մասնակցած երգչուհի Սոնա Շահգելդյանը, որի լուսանկարներից մեկը տարածվել էր ֆեյսբուքում:

Aravot.am-ը մեկնաբանության համար կապվեց երգչուհու հետ: Նա ասաց, որ բոլոր լրագրողներին հարգում է, բայց չի ցանկանում որեւէ մեկնաբանություն անել:

Նշեց նաեւ, որ ինքը երբեք փարթիների չի գնում, մասնակցում է միայն բարեգործական համերգների: Սոնա Շահգելդյանի մայրիկը՝ Անահիտ Շահգելդյանը Aravot.am-ին տեղեկացրեց, որ մեկ ամիս առաջ Սոնային այդ միջոցառմանը հրավիրել է «Աստղածնունդ» հաղորդման վարող Արայիկ Համբարձումյանը, ասել է բարեգործական համերգ է, եւ Սոնայի ծանոթներից՝ բարեգործական միջոցառումներ նախաձեռնող Կարինեի ծննդյան օրը:

«Սոնան անգամ չի իմացել, որ դրես կոդ կա, կանանց հագուստը պետք է սպիտակ լինի, տղամարդկանց հագուստը՝ սեւ, ինքը սեւ հագուստով է գնացել, չի իմացել, թե ովքեր են հրավիրված… Այդ միջոցառումը, կարծեմ ժամը 2-ին է սկսվել, ինքը ժամը 5-ի կողմերն է գնացել:

Իր բալիկի հետ գնացել, երգել ու եկել է: Հերոս մայրեր են նստած եղել, իրենց համար է երգել: Միջոցառման վարողն ասել է, որ Կարինեի ծննդյան օրն է, ով բարեգործ կին է, ում հրավերով Սոնան բարեգործական միջոցառումների ժամանակ անվճար երգում է…

Ամիսներ առաջ էլ 44-օրյա պատերազմի մասնակիցներից՝ ձեռք ու ոտք կորցրած մի տղայի հարսանիքին է Սոնան Կարինեի հրավերով գնացել ու երգել բարեգործական հիմունքներով:

Իսկ այդ օրը Սոնան երգել է ազգագրական շարաններ, վերջում էլ՝«Ես քո զավակն եմ Հայաստան», նվիրել է հերոսների մայրերին ու թողել եկել է… Այնտեղ տարբեր բնագավառի մարդիկ են եղել, բայց մենք ոչ մեկի հետ առնչություն չունենք, Սոնան նեյտրալ (չեզոք.-խմբ.) մարդ է:

Միջոցառման վարողն ասել է՝ բարեգործական միջոցառում է, քեզ շատ են սիրում, ուզում են, որ դու երգես, այդ կինն էլ շատ լավ կին էլ (Կարինեն-Գ.Հ.), միշտ զինվորներին օգնում է, դրա համար է գնացել Սոնան»:

Կիսվել էջում