Ինչո՞ւ է գրիպն անընդհատ կրկնվում. մանկական հիվանդանոցները գերծանրաբեռնված են

Ինչո՞ւ է գրիպն անընդհատ կրկնվում. մանկական հիվանդանոցները գերծանրաբեռնված են

Հանրային ռադիոն հայտնում է, որ Հանրապետությունում սուր շնչառական հիվանդությունների թիվն աճել է։ Հատկապես մանկական հիվանդանոցներում սուր շնչառական վարակներով պայմանավորված գերծանրաբեռնված վիճակ է։ Մասնագետները պարզաբանել են՝ կարանտինի հետևանքն է։

Երեխաները 2 տարի փակված են մնացել տանը և քիչ են շփվել միկրոօրգանիզմների հետ, հետևաբար, նաև անհրաժեշտ իմունիտետը ձեռք չեն բերել։ Սուր շնչառական հիվանդացությունն ամենաշատն արձանագրվել է 0-14 տարեկան երեխաների շրջանում: Գրիպի ակտիվության համատարած բարձրացման մասին են հայտնում նաև տարածաշրջանի և եվրոպակա շատ երկրներ։

Քովիդից հետո Հանրապետությունում սուր շնչառական վարակների ակտիվություն կա։ Գերծանրաբեռնված են աշխատում հատկապես մանկական հիվանդանոցները։ «Արաբկիր» բժշկական համալիրի Երեխաների դեռահասների առողջության ինստիտուտի ղեկավար, դոցենտ, ԱՆ մանկաբուժության գծով խորհրդատու Սերգեյ Սարգսյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում հայտնեց, որ համավարակից հետո հիվանդացության միտումներնեն են ընդհանուր փոխվել։

«Ամենայն հավանականությամբ՝ համաճարակը, որը բնորոշ է երեխաներին, խախտվել է։ Սահմանափակումների արդյունքում առնվազն որոշ վարակներ արտասովոր են դառնում։ Իմունային պատասխանը, որը պետք է ձևավորվեր երեխաների մոտ, այնքան էլ հստակ չի ձևավորվել։ Բարձր թվեր են գրանցվում ոչ միայն Հայաստանում։ Հիվնադանոցները գերծանրաբեռնված են։ Որոշ ֆենոմեններ էլ կան։ Երբևիցե նման քանակի ականջի բոբոքումներ չեն եղել»։

Մասնագիտական գնահատականներով՝ սուր շնչառական վարակների եւ գրիպի սեզոնը մեկնարկում է հոկտեմբերին եւ շարունակվում մինչեւ մայիս։ Գրիպի տարածումը կանխարգելելու, ինչպես նաև թեթև տանելու համար Առողջպահության նախարար Անահիտ Ավանեսյանը խորհուրդ է տալիս ժամանակ չկորցնել և անպայման պատվաստվել սեզոնային գրիպի դեմ։

«Այո, այս տարի Քովիդից հետո նկատելի է ՍՇՎ ակտիվացում։ Այս տարի ունենք նաև H1N1 շտամը, որը բավական վտանգավոր է։ Ուստի ևս մեկ անգամ հորդորում եմ գրիպի դեմ ևս պատվաստվել»։

«Հերացի» վերլուծականի դիտարկմամբ` տարածաշրջանի շատ երկրներ ևս հայտնել են գրիպի ակտիվության համատարած բարձրացման մասին: Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վիճակագրական տվյալների համաձայն` Հայաստանում նույնպես սուր շնչառական վարակների ակտիվացում կա։ Հիվանդացությունն ամենաշատն արձանագրվել է 0-14 տարեկան երեխաների շրջանում: Ըստ նույն աղբյուրի՝ շտապօգնության կանչերի շուրջ 10 տոկոսը կազմում են սուր շնչառական վարակով հիվանդները, որոնք հիմնականում 0-18 տարեկան երեխաներ են:

Մանրամասները՝ armradio.am-ում