ՄամուլՏեսանյութ

Ինչո՞ւ եք թիրախում դուք. հարց Արմեն Ղազարյանին՝ Պզոյին

Armlur.am-ը գրում է․ «Օրենքով գող» Արմեն Ղազարյանի՝ «Պզո»-ի վերաբերյալ քրեական գործն արդեն դատարանում է։

Վերջինս այսօր անձամբ էր ներկայացել Երեւան քաղաքի Աջափնյակի նստավայր, սակայն նիստը հետաձգվեց, քանի որ դատախազն առողջական խնդիրների պատճառով չէր ներկայացել դատարան։

Իսկ քրեական գործը քննում է Երևանի քրեական դատարանի դատավոր Վահե Ջիվանյանը։

Նշենք, որ Արմեն Ղազարյանը մեղադրվում է «օրենքով գողի» կարգավիճակը պահելու մեջ։ Նրան մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածի 1-ին մասով։

Ըստ քրեական վարույթի՝ 1991 թվականին Արմեն Ղազարյանը Ռուսաստանի Դաշնության Դոնի Ռոստով քաղաքում, քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձանց ներկայությամբ «թագադրվելով»՝ ստացել է «օրենքով գողի»՝ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ և 2022 թվականի նոյեմբերի 1-ի դրությամբ շարունակել է պահպանել օրենքով չթույլատրվող այդ կարգավիճակը։

Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը և գրավը՝ 20 մլն դրամի չափով։

Քրեական գործը դատարան մուտքագրվել է երեկ և մակագրվել Երևանի քրեական դատարանի դատավոր Վահե Ջիվանյանին։ Ի դեպ, Ջիվանյանն օրերս է Սյունիքի մարզի դատարանից տեղափոխվել Երևանի դատարան։

Նիստի ավարտից հետո մի քանի հարցեր ենք ուղղել «օրենքով գող» Արմեն Ղազարյանին՝ «Պզոյին»։

Կիսվել էջում