Ինչո՞վ է այժմ զբաղված Հայաստանը փրկելու հայտ ներկայացրած Արտակ Թովմասյանը․ «Ժողովուրդ»

Ինչո՞վ է այժմ զբաղված Հայաստանը փրկելու հայտ ներկայացրած Արտակ Թովմասյանը

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Դեռեւս նախորդ տարվա փետրվարի 28-ին Բաղրամյան պողոտայում մեծ աղմուկով սպիտակ վրաններ տեղադրվեցին։

Տեղադրողը գործարար, «Դվին» հյուրանոցային համալիրի սեփականատեր, Ապարանի մերձակայքում ապակեպատ մատուռ կառուցած Արտակ Թովմասյանն էր, որ վրանային իր ակցիայով ասես նոր շունչ էր ուզում հաղորդել «Հայրենիքի փրկության» շարժմանը:

Մեծ շուքով տեղադրված ճեփ-ճերմակ վրանները մի քանի օր անց, սակայն, դատարկ էին, ավելին՝ ուժգին քամուց փլվել, ընկել էին:

Իսկ դա այն բանի ապացույցն էր, որ դրանցում ո՛չ հերթապահություն իրականացնող կուսակցական կար, ո՛չ էլ՝ դրանց ճակատագրով հետաքրքրվող գեթ մեկ անձ:

Ինչո՞վ է այժմ զբաղված Հայաստանը փրկելու հայտ ներկայացրած Արտակ Թովմասյանը, որտե՞ղ է նա ու ինչո՞ւ չկա քաղաքական ասպարեզում: Հարցերը նրա մամուլի քարտուղարին ուղղեցինք, ինչին ի պատասխան՝ վերջինս ասաց, որ մի քանի օրից կարող են պատասխանել, այժմ զբաղված են:

«Դվինի» սեփականատերն այժմ էլ, պարզվեց, մշակութային ոլորտում է ուժերը փորձում: Համենայն դեպս այդպես ենթադրել կարելի է, որովհետեւ «Դվինի օդային թատրոն» է պատրաստվում բացել:

Իսկ թե ինչքանով այն թատրոնի հետ կապ ունի, այդ մասով մեզ մանրամասներ չհայտնեցին: Նկատենք, որ 2022-ի մայիսից մեկնարկած «Դիմադրություն» շարժմանը Թովմասյանը չէր միացել, վրաններ չէր տեղադրել, Փաշինյանին՝ հրաժարականի 44-օրյա ժամկետ չէր տվել:

Թե ինչու էր այդքան կարճ նրա ընդդիմադիր գործունեությունը, կամ երբ նորից ընդդիմադիրի դիրքերից հանդես կգա, ենթադրել կարելի է»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։