Ինձ հետ ոչ մեկ չի կարող «ռազբիրատի» լեզվով խոսել․ Թեհմինա Վարդանյան

Ինձ հետ ոչ մեկ չի կարող «ռազբիրատի» լեզվով խոսել: Ինչպես արդեն հայտնել էինք, «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն ասել է, որ քննարկում է Երևանի ավագանուց ԼՀԿ-ի միակ ներկայացուցիչ Դավիթ Խաժակյանին հետ կանչելու հարցը։

Մեր տեղեկություններով՝ Մարուքյանի այս որոշումը կապված է երեկ ավագանու նիստում տեղի ունեցած բուռն վեճի հետ։ Նիստից հետո ՔՊ-ականները զանգահարել են և սկսել «ռազբիրատներ» անել Մարուքյանի հետ, ԼՀԿ-ից էլ ասել են, որ իրենք չեն կարողանում վերահսկել «Հանրապետություն» կուսակցության իրենց գործընկերներին։

«Հրապարակի» հետ զրույցում «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանն ասաց, որ դեռևս չի խոսել Խաժակյանի հետ․

«Ես դեռ չեմ խոսել, գաղափար չունեմ, թե ինչի մասին է խոսքը, ոչ մի կողմի հետ դեռևս չեմ խոսել, երբ կխոսեմ, այն ժամանակ կպատասխանեմ»։

Հարցրինք՝ վեճից հետո իմքայլականները զանգե՞լ են իրենց, փորձե՞լ են ճնշումներ գործադրել:

«Ինձ հետ ոչ մեկ չի կարող «ռազբիրատի» լեզվով խոսել, դա հստակ է, ես չգիտեմ, թե ով ում հետ ինչպես կարող է խոսել, բայց ինձ հետ «ռազբիրատի» լեզվով ոչ մեկ չի կարող խոսել, ես՝ իմ ազատ խոսքի արտահայտումը, ինչպես դա տեսնում եք, ես պնդում եմ»։

Գուցե պատճառն այն է, որ Վարդանյանը երեկ սպառնաց Մարությանի մասին նյութե՞ր հրապարակել՝ հարցրինք:

«Այդ նյութերից մեկն արդեն ամբողջ համացանցով տարածված է, և միշտ էլ տարածված է եղել, որ Հայկ Մարությանը հարցազրույց էր տվել Մարտի 1-արյունալի դեպքերի հետ կապված և ասել էր, որ հպարտ է, որ իր որդին ծնվել է Սերժ Սարգսյանի երդմնակալության օրը, մյուս նյութերը հնարավոր է, որ հրապարակվեն»։

Վարդանյանին հարցրինք նաև, թե ինչ են պատրաստվում անել, եթե, այնուամենայնիվ, Մարուքյանը որոշի Խաժակյանին հետ կանչել:

«Ես չեմ կարծում, որ «Լուսավոր Հայաստանը» նման բան կորոշի»,-պատասխանեց Թեհմինա Վարդանյանը։

Աղբյուր՝ hraparak.am