Ինձ համար շատ տխուր է երեւույթը, բայց չեմ էլ ուզում խորանամ մարդկանց արարքների մեջ. Ալբերտ Հովհաննիսյանի հայր

Ինձ համար շատ տխուր է երեւույթը, բայց չեմ էլ ուզում խորանամ մարդկանց արարքների մեջ. Ալբերտ Հովհաննիսյանի հայր

News.am-ը գրում է. 2020թ.-ի 44-օրյա պատերազմի մասնակից, հրետանավոր Ալբերտ Հովհաննսիյանի հայրը՝ Արտակ Հովհաննիսյանը, ֆեյսբուքյան հրապարակումներից է տեղեկացել քաղաքացիներից մեկի խնդրանքի՝ Երեւանում Ալբերտի արձանը տեղադրելու եւ այդ առաջարկը ԿԳՄՍ նախարարության կողմից մերժելու մասին։

«Ես այդ նախաձեռնության հետ ոչ մի կապ չունեմ, ես էլ Ձեր նման սոցցանցերից եմ տեղեկացել այդ մասին։ Ֆեյսբուքյան օգտատերերից Լիլիթ Մովսիսյանը շատ ճիշտ գրառում էր արել այդ թեմայով, եւ ես միայն կարող եմ ասել, որ նրանք ովքեր մտածում են, որ պետք է քննադատեն, եւ նրանք, ովքեր մտածում են, որ ճիշտ են արել, թող այդ գրառումը կարդան։

Իսկ լիքը հայրենասեր մարդիկ գիտեն իրենց անելիքը, դա ո՛չ իմ ասելով է, ո՛չ իմ նախաձեռնությունն է, ո՛չ էլ ես երբեւէ նման բաների մեջ մտել եմ։ Ես միայն կարող եմ իմ հավանությունն ու օրհնությունը տալ նման գործերի հետ կապված։ Եվ առհասարակ, Ալբերտը միայն իմ տղան չէ, ինքը ամբողջ հայ ազգի սիմվոլն է, ինձ համար շատ տխուր է երեւույթը, բայց ես չեմ էլ ուզում խորանամ մարդկանց արարքների մեջ»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արտակ Հովհաննիսյանը։

ալբերտ հովհաննիսյան

Նշենք, որ ֆեյսբուքյան օգտատեր Լիլիթ Մովսիսյանը, անդրադառնալով ԿԳՄՍ-ի մերժման պարզաբանմանը, գրել է.

«Հայրդ քեզ հողին հանձնելուց հետո մեզ կոչ արեց ծաղիկեր եւ պսակներ գնելու փոխարեն, փոխանցումներ կատարել համահայկական հիմնադրամին։ Հետո, երբ նրանց ընտանիքին ցանկացել են գումարներ փոխանցել աշխարհի տարբեր երկրներից՝ խնդրել է այդ նույն հիմնադրամին փոխանցումներ կատարել։ Այնուհետեւ մեքենան նվիրեց ՊՆ-ին եւ իր հարցազրույցներից մեկի ժամանակ հիմնավորեց իր այդ քայլը…անկեղծ ես ամաչեցի ՊՆ-ի փոխարեն։

Բոլորիս համար հայրդ հայի, ուժեղ տղամարդու վառ օրինակ է ծառայում։ Ոչինչ չի խնայում ազգի, պետության համար։ Եվ հիմա մենք փոխանակ նրան որեւէ կերպ, որեւէ հարցում թեւ ու թիկունք լինենք, տալիս ենք նման պատասխան։ Ալբերտ, քո արձանը անպայման կլինի։ Հայտնում եմ իմ աջակցությունը եւ վստահ եմ, որ մի ողջ ազգ ընտանիքիդ եւ քո կողքին է»։

Հավելենք՝ Հանրապետական վերականգնողական կենտրոնի տնօրեն Նարինե Մանուկյանն ի պատասխան քաղաքացիներից մեկի խնդրանքի, հրապարակել էր ԿԳՄՍ նախարարության մերժումը՝ Երեւանում Ալբերտ Հովհաննիսյանի արձանը տեղադրելու վերաբերյալ։

Քաղաքացին առաջարկել էր մայրաքաղաքում տեղադրել պատերազմի առաջին օրերին հայտնի դարձած հրետանավորի արձանը՝ որպես հայ անհաղթ հրետանավորի հավաքական կերպար։ Նախարարությունից նշել էին, որ քաղաքացու առաջարկի նպատակով 2021թ.–ի պետական բյուջեով հատկացումներ նախատեսված չեն։