«Իմ քայլը» դաշինքին տրվեց 88 մանդատ, ԲՀԿ-ին՝ 26, «Լուսավոր Հայաստանին»՝ 18․ ԿԸՀ

Այսօր Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ), հիմք ընդունելով 2018 թվականի դեկտեմբերի 9-ին կայացած ԱԺ արտահերթ ընտրությունների ընտրական տեղամասերում քվեարկության արդյունքների վերաբերյալ արձանագրությունները, քվեարկության արդյունքների վերաբերյալ ընդունած որոշումները, կազմել է արձանագրություն` քվեարկության արդյունքների վերաբերյալ:


Հիմք ընդունելով քվեարկության արդյունքների վերաբերյալ արձանագրությունը, հանձնաժողովներում ստացված դիմումների (բողոքների) քննարկման արդյունքով ընդունած որոշումները, տեղամասային ընտրական հանձնաժողովների գրանցամատյաններում քվեարկության օրն արձանագրված խախտումների վերաբերյալ տարածքային ընտրական հանձնաժողովների որոշումները, քվեարկության արդյունքների վերաբերյալ ընդունած որոշումները` ԿԸՀ-ն ամփոփել է ԱԺ արտահերթ ընտրությունների արդյունքները և ընդունել որոշում` Ազգային ժողով ընտրվելու և մանդատների բաշխման մասին:

ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը նիստի ընթացքում ներկայացրել է ԱԺ-ում մանդատների բաշխման որոշումը: Եվ այսպես, «Իմ քայլը» դաշինքը ստանում է 84 մանդատ, որին գումարվում է ազգային փոքրամասնությանը հասանելիք 4 մանդատը, այսինքն՝ ընդհանուր առմամբ 88 մանդատ, որից համապետական ընտրական ցուցակով անցել են 42-ը, տարածքային ցուցակներով նույնպես 42-ը։ 

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ստացած 10 մանդատին ավելացվում է 16-ը, այսինքն՝ 26 մանդատ, որից 13-ը՝ համապետական ընտրական ցուցակով, 13-ը՝ տարածքային ընտրական ցուցակով։ 

«Լուսավոր Հայաստան» կուսակցության ստացած 7 մանդատին գումարվում է լրացուցիչ 11 մանդատ, այսինքն՝ 18 մանդատ, որից 9՝ համապետական ընտրակարգով առաջադրված, 9՝ տարածքային։