Իմ տարեվերջյան ասուլիսում ևս մենք պետք է 100 փաստ հրապարակենք նոր Հայաստանի մասին

Այսօր տեղի ունեցած կառավարության նիստում վարչապետն ամփոփել է կառավարության մեկամյա գործունեությունը և ներկայացրել անելիքները։

Երեկ չէ առաջին օրը ես մամուլի ասուլիսով հանդես եկա և հրապարակեցի 100 փաստ նոր Հայաստանի մասին, որտեղ փորձեցի ամփոփել մեր կառավարության գործունեության մեկ տարվա արդյունքները:

Ես կարող եմ ասել, որ այդ փաստաթուղթը շատ կարևորում եմ, որովհետև դա շատ կոնկրետ ցույց է տալիս, թե մենք ինչ ենք արել այս մեկ տարվա ընթացքում: Բայց ուզում եմ նաև ընդգծել, որ, ըստ էության, դրանով հաշվետվողականության նոր նշաձող է սահմանվել, իմ կարծիքով, և մենք պետք է հաշվետվողականության հենց այսպիսի ձևաչափ կիրառենք և որդեգրենք:

Եվ ես ուզում եմ մեզ համար՝ որպես խնդիր, ձևակերպել, որ իմ տարեվերջյան ասուլիսում պետք է մենք բոլորս միասին ևս 100 փաստ ունենանք հրապարակելու նոր Հայաստանի մասին:

Այսօր էլ մենք ունենք, իհարկե, բազմաթիվ այլ փաստեր, բայց այդտեղ մենք որոշեցինք ներառել այն փաստերը, որոնք շատ կոնկրետ են, հասցեական են Հայաստանի կյանքում, մարդկանց կյանքում, տնտեսական իրավիճակում, ապագայի նկատմամբ մեր ունեցած վստահության առումով շատ կոնկրետ բան են փոխել:

Ես ուզում եմ արձանագրել, որ ակնկալում եմ, որ բոլոր նախարարները, կառավարության բոլոր անդամները, առընթեր մարմինների բոլոր անդամները հենց այս չափանիշով պետք է աշխատեն:

Այսինքն՝ մենք պետք է շատ կոնկրետ, ժամանակ առ ժամանակ անդրադարձ ունենանք մեր կատարած աշխատանքի արդյունքում արձանագրված այն փաստերին, որոնք Հայաստանի Հանրապետության կյանքում կոնկրետ բան են փոխում:

Այս ընթացքում մենք կաշխատենք հետևյալ ձևաչափով՝ մենք ոչ թե կսպասենք մինչև դեկտեմբեր, որպեսզի տարվա վերջին հավաքենք փաստերը և հրապարակենք, այլ այդ փաստերի հավաքագրումը, ստեղծումը կլինի մեր ամենօրյա աշխատանքի հիմնական իմաստը, և ես նաև ըստ այդմ կգնահատեմ մեր կառավարության անդամների, նախարարների, առընթեր մարմինների աշխատանքը: