«Իմ երեխուն «վնաս» տվողը պետք է պատասխան տա»․ Սիսիանի դիրքերում մահացած հայտնաբերված 19-ամյա զինծառայողի հայր

«Իմ երեխուն «վնաս» տվողը պետք է պատասխան տա»․ Սիսիանի դիրքերում մահացած հայտնաբերված 19-ամյա զինծառայողի հայր

168.am-ը գրում է․ Շուրջ 2 ամիս առաջ՝ հուլիսի 14-ին, Սիսիանի զորամասի մարտական դիրքում հայտնաբերվել էր պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային, 19-ամյա Արսեն Արմենի Մանուկյանի դին՝ գլխի շրջանում հրազենային վիրավորումով, սակայն կատարվածը մնում է չբացահայտված։

Մահացած  զինծառայողի հայրը՝ Արմեն Մանուկյանը, 168.am-ի հետ զրույցում ասաց, որ սկզբում տպավորություն էր՝ փորձում էին կատարվածը որպես ինքնասպանություն որակել, սակայն ծնողների հետևողական քայլերից ու պնդումներից հետո կարծես թե գործին նոր ընթացք են տվել։

«Քննիչների ասածով՝ դիրքի ավագը կալանավորված է։ Երևանում էր, հիմա տեղափոխել են Գորիս։ Ասացի՝ ուզում եմ տեսնել էդ տղային, առերեսում լինի, ասացին՝ հնարավոր չէ։

Սկզբում ինքնասպանության մասին էր խոսք գնում, ասացի՝ էս ի՞նչ է, հենց սկզբից միանգամից էդ վարկածն եք առաջ քաշում, քննիչները պատասխանեցին՝ այդ տեղեկությունը չաստից է գնացել ռազմական ոստիկանություն, այնտեղից էլ մեզ են փոխանցել, բայց մենք դա որպես հիմք չենք վերցրել։

Քննիչներն ասացին՝ դեպքի օրը նույն դիրքում եղած բոլոր 7 զինծառայողներն էլ դիրքի ավագի դեմ ցուցմունք են տվել, որ բոլորին կպել է, անգամ դեպքից մի 2 օր առաջ իմ տղայի հետ էլ է վիճաբանության մեջ եղել․․․ Այս տղան՝ դիրքի ավագը, չի ընդունում մեղքը։

Այդքանից հետո ես քննիչներին հարցրել եմ՝ կարո՞ղ է՝ սխալ մարդ է բռնված, կարո՞ղ է ինքը չէ, ես չեմ ուզում անմեղ մարդ վնասվի, բայց մեղավորն էլ անպայման պետք է պատժվի։

Նման բան չէր կարող լինել, իմ երեխեն չէր կարող ինքնասպանություն գործել, տենց բան գոյություն չունի, իմ երեխուն «վնաս» են տվել, ու էդ «վնաս» տվողը պետք է պատասխան տա, ինքն իրեն խփող չէր․․․ իմ երեխուն սպանողը պետք է սատկի․․․

Ես տեսել եմ, թե որ հատվածում էր խփածը, եթե ինքն իրեն խփեր․․․ Գնդակը երեխու աչքի անկյունից՝ դեպի քթի կողմից էր մտել, այնպես, որ աչքը չէր վնասվել․․․

Որ թուրքի հետ բախում լիներ, իմ երեխեն զոհվեր, ինչ-որ տեղ կմտածեի՝ մեր մյուս տղերքի պես իմ երեխեն էլ հայրենիքի համար զոհվեց, բայց 18 տարի պահենք մեծացնենք, որ սենց լինի՞»։

Արսենը ծնվել էր 2003 թվականի հունիսի 16-ին, ծառայության էր մեկնել 2021 թվականի հունիսի 21-ին։

«Սկզբում ծառայել էր Սիսիանի զորամասում, վերջին 2 ամիսներին տեղափոխել էին Կապան, բայց չգիտես՝ ինչու, այդ անգամ տարել էին Սիսիանի դիրքեր, որտեղ էլ դեպքը տեղի էր ունեցել»,- ասաց մահացած հայտնաբերված զինծառայողի հայրը։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում