«Իմ առաջարկած ծրագրում խոսք չկար այն մասին, որ Ղարաբաղը մնալու է Ադրբեջանի կազմում». Լևոն Տեր-Պետրոսյան

«Իմ առաջարկած ծրագրում խոսք չկար այն մասին, որ Ղարաբաղը մնալու է Ադրբեջանի կազմում». Լևոն Տեր-Պետրոսյան

«Ղարաբաղյան խնդրի լուծման առաջին փուլում պետք է վերադարձնեինք Լաչինն ու Քելբաջարը՝ պահպանելով Լաչինի միջանցքը»,- Հանրային հեռուստաընկերության եթերում ևս մեկ անգամ հակամարտության լուծման իր առաջարկը ներկայացրեց ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը:

Նրա խոսքով՝ այդ դեպքում Լաչինի միջանցքը ոչ թե լինելու էր ինչպես հիմա է՝ 4 կմ-անոց հատված, այլ առնվազն 22 կմ։

«Ունենում էինք ԼՂԻՄ-ի ամբողջ սահմաններ՝ Խորհրդային Միության ժամանակների։ Եթե այսօր մեր ժողովրդին ասվի` համաձա՞յն եք այսպիսի վիճակի, կարգավիճակի, ուրախությունից կմեռնի»,- նշեց ՀՀ առաջին նախագահը։

Այս տարբերակում Արցախի վերջնական կարգավիճակ չէր արձանագրվում։ Վերականգնվում էին ԼՂԻՄ-ի սահմանները, ստանում էինք Լաչինի 22 կիլոմետրանոց միջանցքը և սկսում էինք բանակցություններ Լեռնային Ղարաբաղի հետագա կարգավիճակի վերաբերյալ։

«Այդ բանակցությունների ժամանակ (արդեն այս բոլոր հրատապ հարցերը լուծելուց հետո) անցնում էինք երկրորդ էտապին, որտեղ Ղարաբաղը ներկայացված էր որպես հավասար կողմ՝ Հայաստան-Ղարաբաղ-Ադրբեջան։ Ստեղծվում էր հատուկ հանձնաժողով՝ Մինսկի խմբի հովանու ներքո և այս երեքի՝ Ղարաբաղի, Հայաստանի, Ադրբեջանի համաձայնության դեպքում վճռվում էր Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը։ Այսինքն՝ Ղարաբաղը ունենում էր վճռական ձայն», — ասաց Տեր–Պետրոսյանը։

Նրա խոսքով՝ այս հնարավորությունները կորցրեցինք, երբ Ղարաբաղը դուրս թողնվեց բանակցությունների գործընթացից։

ՀՀ առաջին նախագահը վստահեցնում է՝ իր առաջարկած ծրագրում խոսք չկար այն մասին, որ Ղարաբաղը մնալու է Ադրբեջանի կազմում։

Ինչ վերաբերում է այն հարցին, որ իր առաջարկած պլանով չէր որոշվելու Արցախի վերջնական կարգավիճակը, Լևոն Տեր-Պետրոսյանը նշում է, որ աշխարհում նման շատ օրինակներ կան, ինչպես, օրինակ, Հյուսիսային Կիպրոսի դեպքում է։

«Ժամանակները փոխվում են, սահմանների նշանակությունը սկսում է կորչել։ Ամբողջ Եվրոպայում սահմաններ չկան արդեն, ինչ-որ հաջողվել է Եվրոպային, արևելքի երկրներին ինչո՞ւ չի կարող հաջողվել»,– ասաց ՀՀ առաջին նախագահը։

Տեսանյութը ստորև