«Իմ ամենամեծ ցանկությունն էն ա, որ ես ու իմ ընտանիքը, բոլորն առողջ լինեն, Աստված գիտի՝ ոնց կլինի»․ Յուրա Մովսիսյան

«Իմ ամենամեծ ցանկությունն էն ա, որ ես ու իմ ընտանիքը, բոլորն առողջ լինեն, Աստված գիտի՝ ոնց կլինի»։ Ճանաչված ֆուտբոլիստ Յուրա Մովսիսյանը շատ կուզեր, որ իր երեխաներն էլ ֆուտբոլիստ դառնային, և նա շատ լավ հիշում է, թե ում էր ուզում նմանվել փոքր տարիքում։ Մովսիսյանն այս և մի քանի այլ հարցերի է պատասխանել Sputnik Արմենիայի հետ կարճ զրույցում։

– Կուզեի՞ք, որ ձեր երեխաներն էլ ֆուտբոլիստ դառնային։

– Միանշանակ։

– Հիմա ի՞նչ երազանք ունեք։

– Կարևորը առողջ լինեմ։ Իմ ամենամեծ ցանկությունն էն ա, որ ես ու իմ ընտանիքը, բոլորն առողջ լինեն, Աստված գիտի` ոնց կլինի։ Կարևորը` առողջություն ունենան։

– Ե՞րբ եք վերջին անգամ ֆուտբոլ խաղացել ոչ ֆուտբոլիստ ընկերների հետ, և ինչպես է ավարտվել խաղը։

– Լավ ա ավարտվել (ծիծաղում է)։ Էս վերջերս եմ խաղացել։

– Սնահավա՞տ եք, որևէ «ծես» անո՞ւմ եք խաղից առաջ։

– Չէ։ Ոչ մի բան։ Միայն աղոթում եմ։

– Ո՞ր տարիքից եք սկսել ֆուտբոլ խաղալ և ո՞ր ֆուտբոլիստին էիք ուզում նմանվել։

– Փոքր տարիքից եմ խաղում։ Ուզում էի նմանվել Թիերի Անրիին (ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգայի, Ֆրանսիայի, Իսպանիայի և կոնֆեդերացիաների գավաթների հաղթող. խմբ)։

– Իսկ կա որևէ հնարք, որևէ միշտ փորձել եք անել, բայց չի ստացվել։

– Շատ են այդպիսի հնարքները։

Յուրա Մովսիսյան

Շատ էին նաև հարցերը, բայց Յուրա Մովսիսյանը շտապում էր, խոստացավ մյուս հարցերին ավելի ուշ պատասխանել։ Չհասցրինք հարցնել` ինչո՞վ է հիմա զբաղվում և ի՞նչ է պատրաստվում անել առաջիկայում, շարունակելո՞ւ է ֆուտբոլիստի կարիերան, թե՞ ոչ։

Հայտնի է, որ նա 2018 թվականին տեղափոխվել էր ամերիկյան «Չիկագո ֆայր», սակայն նույն տարվա նոյեմբերին էլ տեղեկություն տարածվեց, որ լքել է ակումբը։ Մովսիսյանն առայժմ զրկված է խաղերի մասնակցելու հնարավորությունից, քանի որ տրանսֆերային իրավունքները պատկանում են այս թիմին: 2020 թվականի հունվարի 1-ին ավարտվում է պայմանագիրը ամերիկյան թիմի հետ: Միայն դրանից հետո պարզ կլինի, թե որտեղ է շարունակելու կարիերան։

Sputnik Արմենիայի տեղեկություններով` Հայաստանում հանդես գալու դիտարկումներ եղել են: Մովսիսյանը բանակցություններ է վարել հայկական երկու ակումբների՝ «Փյունիկի» և «Արարատ -Արմենիայի» հետ, բայց կողմերը վերջնական հայտարարի չեն եկել: Երբ հայ ֆուտբոլիստը դառնա ազատ գործակալ, չի բացառվում, որ հայկական ակումբների ցանկության դեպքում բանակցությունները վերսկսվեն:

Աղբյուր՝ armeniasputnik.am