«Իմացած եղի, որ մենք իզուր չենք զոհվում»․ վերջին խոսքերդ էդ եղան

«Իմացած եղի, որ մենք իզուր չենք զոհվում»․ վերջին խոսքերդ էդ եղան

Ֆեյսբուքյան օգտատեր Փառանձեմ Հովհաննիսյանը իր էջում գրել է․

«Համարյա մի տարի անց քեզ էլ գտան ախպերս, պապադ էլ մորգ, էլ անտառ, էլ թուփ չէր թողել, ամեն տեղ ման էր եկել, հույս ունեին, թե գերի ես ուրեմն, հետո իմ գրպանում գտան քո հեռախոսը, էնքան քայքայված էի, որ տեսքից չէին ճանաչի, ԴՆԹ-ն չհաստատվեց, ես էդ դու չէիր, հետո աշխատողը պիտի ասեր, որ մյուս գրպանիցս էլ մի ուրիշի հեռախոս էին գտել, էլի ԴՆԹ-ն չէր հաստատվել, ես էդ նա էլ չէի։

Քեզ գտան լավ վիճակում, դե դրա լավը որս ա, նենց որ պապադ ճանաչեց, քեզ ամիսներ շարունակ պահել էին սառնարանում։

Ձերոնք չգիտեն՝ ինձ գտան, թե չէ, իրենց մոտ միայն երբեմն, կարող ա նույնիսկ հաճախ, հարց ա առաջանում, թե էդ ես ո՞վ եմ, որ երկու ընկերներիս հեռախոսները մոտս էին, որ հասցրել եմ վիրավորվելուց հետո դուրս հանել ձեզ էլ, ինձ էլ հանձնվող տարածքից, դուրս հանել էնպիսի տեղ, որ մեզ հեշտ գտնեին։

Որ վիրավորվեցինք, դու զանգեցիր տուն, պապադ ասաց ոնց վիրակապես քեզ, հետո ասում էիր՝ պապա, իմացած եղի, որ մենք իզուր չենք զոհվում, էդ ժամանակ տենց էլ վստահ էինք, համարյա վերջին խոսքերդ էլ էդ եղան, հետո քեզնից, մյուսից, որ հեռախոսն էլի մոտս էր ու ինձնից (չգիտեն ձերոնք ինձնով հետաքրքրվող եղել ա, թե չէ) էլ ոչ մի նորություն չկար։

Հավանաբար, մեզ շուտ են գտել, որովհետև ոնց տեսանք, պապադ քեզ իսկույն ճանաչեց, բայց հարց ա, թե ինչի՞ են մեզ այդքան հեռու մորգեր տարել, քո փաստաթղթերը գրպանումդ էին, բայց երևի մենք էնքան շատ ենք եղել, որ համարյա մի տարի անց նոր քո գրպանները նայելու հերթն ա եկել, ու քեզ գտել են։

Գտե՞լ են ինձ արդյոք, աշխատողներն էլ իրավունք չունեն ձերոնց ասել, բայց ես սովոր եմ, հաճախ են եկել, մի թաքուն հույսով բացել վրայիս սավանը, երկար նայել, գնացել, ու էլ չեն եկել, ես էդ դու չէի, ես էդ նա չէի, ես էդ ոչ ոք չէի, բայց ես ձեզնից մեկն էի, ես էդ մենք ենք, մենք բոլորս միասին… երբ իմացա, որ պատերազմից համարյա մի տարի անց քեզ գտել են, ուզում էի ասել՝ հողը թեթև լինի վրադ, հետո հիշեցի, որ հիմա էլ հող չի, մեզ բետոնում են։

Մենք դեռ սառում ենք մորգի սառնարաններում, մեր մարմնի տարբեր մասեր դեռ գտնվում են, մեզնից ոմանց դեռ չեն բետոնում. հույս ունեն, որ մեր մարմիններից էլի մասեր կգտնվեն, մենք դարձել ենք փազլ, չհավաքվող փազլ, մեր կորսված անծայրածիր երկրի պես չհավաքվող փազլ… գտնեն մեզ բոլորիս, թե չէ, գետնի տակ կլինենք, թե սառնարանում, թե սավանի տակ, էական էլ չի, կարևորը հիմա ապրողների հերթն ա ապացուցելու, որ զոհվելուց մենք իզուր չենք վստահ եղել, որ իզուր չենք զոհվում»։

Մեկ տարի առանց ապրելու՝ ապրելով։