Ի՞նչ պայմաններով է Նատալյա Օրեյրոն գալիս Երևան. երգչուհու հասարակ ռայդերն ու 2 ժամանոց շոուն

2000-ականներին Հայաստանում մեծ հայտնիություն վայելող Նատալյա Օրեյրոն Ապրիլի 7-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մենահամերգ կունենա։ «Վայրի հրեշտակը» Հայաստան է ժամանում իր «Անմոռանալի շրջագայության» շրջանակում: Համերգը կազմակերպել են կազմակերպել են «ГАМАЮН» փրոդաքշընը և «Վիար Թիքեթ Գլոբալ» ՍՊԸ-ն:

Միջոցառմանն ընդառաջ «ГАМАЮН» փրոդաքշընի պրոդյուսեր Մաքսիմ Հովհաննիսյանը բացահայտումներ է արել շոուի մասին։

«Օրեյրոն մեր երկիր է բերում երկու ժամանոց ինքնատիպ շոու: Արտիստը բեմում կլինի իր երաժիշտների ու պարողների հետ: Օրեյրոն վստահ է՝ այս համերգը հանդիսատեսը երբեք չի մոռանա: Համերգային երեկոյի շրջանակում կկայանան նաև մի շարք երգերի պրեմիերաներ, երգեր, որոնք դեռևս չեն լսել արտիստի անգամ ամենահավատարիմ երկրպագուները:

Համերգի օրը պատահական չենք ընտրել: Այն նվիրված է Մայրության և գեղեցկության տոնին և յուրատեսակ նվեր է բոլոր կանանց և աղջիկներին: Սա այն համերգն է, որը բաց թողնել պարզապես չի կարելի»,– վստահեցնում է Մաքսիմը։

Երգչուհու համերգային շրջագայությունը սկսվում է մարտից։ Գրաֆիկը բավականին խիտ է, համերգներ են նախատեսված գրեթե ամեն օր։ Մինչև Հայաստան հասնելը նա ելույթներ է ունենալու Քիշնևում, Մինսկում, Դոնի Ռոստովում, Կրասնոդարում, Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Կալինինգրադում և այլ քաղաքներում:

Երևան է ժամանելու Տոլյատիի իր համերգից հետո և քիչ ժամանակ է անցկացնելու այստեղ. «Նատալյան Երևանում է լինելու շատ կարճ ժամանակով, սակայն կփորձենք այնպես անել, որ կարողանա բացահայտել մեր գեղեցիկ քաղաքը: Երևանյան համերգից հետո ապրիլի 9-ին արդեն համերգ ունի Կրասնոյարսկում»։

Մաքսիմը շեշտում է, որ Նատալյան սիրով է համաձայնել համերգ ունենալ Երևանում և գիտի, որ այստեղ մեծ ճանաչում է վայելել իր մասնակցությամբ «Վայրի հրեշտակ» հեռուստասերիալը։

«Օրեյրոն Ուրուգվայից է, ինչպես գիտենք, այն առաջինն է ընդունել Հայոց ցեղասպանությունը: Նա միշտ ցանկացել է գալ Հայաստան, մենք էլ իրականացնում ենք իր ցանկությունը: Նատալյան որոշակի տեղեկություններ ունի Հայաստանի մասին և մեծ ոգևորությամբ է սպասում երևանյան հանդիսատեսի հետ իր հանդիպմանը։ Նա երբևէ չի եղել այստեղ և շատ է ցանկանում ճանաչել այստեղի իր երկրպագուներին։

Նա տեղյակ է, որ Հայաստանում իր երկրպագուները բազմաթիվ են, որ հայերը շատ սիրել են իր մասնակցությամբ «Վայրի հրեշտակ» հեռուստասերիալը: Դե, իսկ Օրեյրոյի հանրահայտ «Cаmbiо dolor» երգը Հայաստանում մեծ ճանաչում ունի: Բազում երկրպագուներ  գրում են մեզ՝  խնդրանքով, որ նա երևանյան համերգին, անպայման, կատարի իր այդ երգը»,– ասաց նա։

Որպես կանոն` անվանի մարդիկ ունենում են իրենց ռայդերը։ Կազմակերպչից հետաքրքրվեցինք, թե ի՞նչ պայմաններ է ներկայացրել նա։ «Ի տարբերություն շատ արտիստների, որոնք, սովորաբար, ինչ-որ ինքնատիպ պահանջներ են ներկայացնում, Նատալյա Օրեյրոն շատ հասարակ ռայդեր ունի:

Նա չափից դուրս համեստ, անկեղծ անձնավորություն է, իր հետ շատ հեշտ է աշխատել, երկնքից աստղեր չի պահանջում: Իսկապես, մեծ հաճույքով եմ աշխատում նրա հետ: Պայմաններն ու պահանջներն էլ սովորական են` աշխատանքային, տեխնիկական հարցերի ապահովման շուրջ, կամակորություններ չեն ենթադրում»,– ընդգծեց Մաքսիմը։

Ժամանակին Նատալյան մեծ ճանաչում ուներ Հայաստանում, սակայն նոր սերունդը նրան ավելի քիչ է ճանաչում։ Չնայած այս հանգամանքին` կազմակերպիչը բավականին լավ է գնահատում տոմսերի վաճառքի դինամիկան։ «Օրեյրոյի երևանյան համերգի նկատմամբ հետաքրքրությունը մեծ է:

Մի փաստ արձանագրենք՝ առանց որևէ գովազդի 1 օրվա ընթացքում տոմսերի 5%-ն արդեն վաճառվել էր: Այս պահին մենք ակտիվ գովազդում ենք համերգը, որպեսզի միջոցառման մասին տեղեկատվությունը հասնի առավել լայն շրջանակների: Օգտվելով առիթից՝ տեղեկացնեմ, որ տոմսերն արժեն 5000-50 000 դրամ»,– եզրափակեց նա։

Աղբյուր՝ tert.am

Կիսվիր ընկերներիդ հետ