«Ժողովուրդը սիրում է ներկայիս իշխանությանը․ ինչի վրա է հիմնված սերը»․ Արամ Աբրահամյան

«Ժողովուրդը սիրում է ներկայիս իշխանությանը․ ինչի վրա է հիմնված սերը»․Հաղորդավար, լրագրող, հրապարակախոս Արամ Աբրահամյանը գրում է․

«Գրեթե ամեն օր կառավարությունը հաղորդում է լավատեսական լուրեր, որոնք կոչված են մեզ դրական լիցքեր հաղորդել: Տնտեսության այսինչ բնագավառում այսքան տոկոսով աճ է գրանցվել, արտագաղթը նվազել է այսքան տոկոսով, միջազգային այսինչ վարկանիշում մենք առաջ ենք գնացել այսքան կետով, վարչապետը նոր արտադրամասեր է բացում, որոնք կապահովեն այսքան աշխատատեղեր:

Ի դեպ, այդ լուրերի շարքում նշվում էր հետեւյալը. երբ ամբողջ աշխարհում գնաճ է գրանցվում, մեզանում արձանագրվել է գնանկում՝ դա, ըստ տնտեսագետների, այնքան էլ լավ լուր չէ: Բայց այստեղ ես մտադիր չեմ վիճարկել եւ մեկնաբանել այդ թվերը՝ դրական բաներ իսկապես տեղի են ունենում, լինում են նաեւ զուտ քարոզչական հայտարարություններ:

Բայց ես վստահ եմ, որ Հայաստանում ժողովրդական հիմնական զանգվածի վերաբերմունքն իշխանության հանդեպ ամենեւին էլ պայմանավորված չէ այդ ճիշտ կամ սխալ թվերով: Ժողովուրդը սիրում է ներկայիս իշխանությանը ու հատկապես, իհարկե, Նիկոլ Փաշինյանին: Եվ այդ սերն ամենեւին պայմանավորված չէ տնտեսական ցուցանիշներով, միջազգային վարկանիշներով եւ ժապավեն կտրելով: Ժողովուրդը սիրում է Փաշինյանին, որովհետեւ նա կարողացավ հեղափոխություն իրականացնել:

Իհարկե, կան հանգամանքներ, որոնք կարող են այդ սերը սասանել.

1/ Ներկայիս իշխանության հանդուրժողական վերաբերմունքը սեռական փոքրամասնությունների հանդեպ (որն, ի դեպ, ես ամբողջությամբ կիսում եմ):

2/ Հայոց լեզվի՝ բուհերում դասավանդման խնդիրը (դրան անդրադարձել եմ):

3/ Ամուլսարը աշխատեցնելու հարցը (հասկանալով, որ դա զգայուն խնդիր է, իշխանությունը գնում է ձգձգումների ճանապարհով):

4/ Բանակից 10 միլիոն դրամի դիմաց ազատելու նախագիծը (բարեկամաբար խորհուրդ կտայի չընդունել այդ նախագիծը՝ այն առաջացնում է իրենց երեխաներին առաջնագիծ ուղարկած սովորական մարդկանց զայրույթը):

5/ Բժշկական պարտադիր ապահովագրության նախագիծը , որը կարող է առաջացնել «պարտադիր կուտակայինի» նման կրքեր:

Բայց եթե անգամ այս բոլոր խնդիրները լուծվեն ոչ ժողովրդահաճո ճանապարհով, դա կարող է միայն սասանել, բայց ո՛չ «վերացնել» իշխանության հանդեպ սերը: Ժողովրդի համար, մեծ հաշվով, գոյություն ունի մեկ չափանիշ՝ «թալանչի է – թալանչի չէ»:

Այդ բաժանումը, իհարկե, առանձնապես կապ չունի զուտ իրավական բնորոշումների հետ, ավելի շուտ՝ բնազդային, զգացմունքային ոլորտից է: Սակայն նման բնազդները ժողովրդի (ցանկացա՛ծ ժողովրդի) համար ավելի կարեւոր են, քան բոլոր տեսակի բանական փաստարկներն ու հակափաստարկները:

Ահա այդ տեսանկյունից նախորդ իշխանությունները ժողովրդի կողմից ընկալվում են որպես «թալանչի», իսկ ներկաները՝ որպես «ոչ թալանչի»: Բայց ընկալումները կարող են փոխվել, եթե այսօրվա իշխանավորներն առիթներ տան: Լավ կլիներ, որ նման առիթներ չլինեն, որովհետեւ իմ անկեղծ ցանկությունն է, որ այս իշխանությունները մնան մինչեւ 2023 թվականը: Թե ինչու՝ դրա մասին վաղվա հոդվածում»: