Թուրքիան օդում է պահել Հունաստանի ԱԳ նախարարի օդանավը՝ հրաժարվելով թռիչքի թույլտվություն տալ

Թուրքիան օդում է պահել Հունաստանի ԱԳ նախարարի օդանավը՝ հրաժարվելով թռիչքի թույլտվություն տալ

Թուրքիայի իշխանությունները չորեքշաբթի երեկոյան 20 րոպե շարունակ Հունաստանի կառավարական օդանավը պահել են Մոսուլից հյուսիս թուրք-իրաքյան սահմանի երկնքում՝ մերժելով թռչելու թույլտվություն տալ, որին հավանություն էին տվել մի փոքր ավելի վաղ։ Օդանավում է եղել երկրի արտգործնախարար Նիկոս Դենդիասը, որը վերադառնում էր Աթենք, հայտնում է հունական ERT հեռւստատեսությունը։

«Այս գործողությունը դուրս է գալիս բարիդրացիություն հասկացության շրջանակից եւ խախտում է դիվանագիտական վարքագծի կանոնները»,- նշում է հեռուստաալիքը։

Նիկոս Դենդիաս

Հունաստանի ԱԳ նախարարի այցը Իրաք 22 տարում առաջինն էր։ Այցի ավարտից հետո օդանավը օդ էր բարձրացել Իրաքից։

«Թուրքական իշխանությունները տեղեկացված էին VIP չվերթի մասին եւ թռիչքի թույլտվություն էին տվել, բայց սահմանին մոտենալիս այն հետ են կանչել։ Սկսվեցին ինտենսիվ դիվանագիտական բանակցություններ, օդանավը ստիպված էր բարձրությունը պակասեցնել եւ շրջաններ կատարել, մինչ խնդիրը լուծվեց։ Ընդ որում՝ առաջացավ վառելիքի անբավարարության վտանգ»,- հայտնում է ERT-ն։

Մոտ կեսգիշերին օդանավը վայրէջք է կատարել Աթենքի մերձակայքում Էլեւսին օդանավակայանում։

Հունաստանի եւ Թուրքիայի հարաբերությունները վերջին շրջանում ծայրահեղ սրվել են ծովային գոտիների սահմանազատման հետ կապված վեճերի պատճառով։